Արմինֆո. ԱՄՆ մի շարք ընկերություններ շահագրգռված են ներդրումների իրականացմամբ Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի զարգացման գործում: Մայիսի 17-ին այդ մասին լրագրողներին հաղորդել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը` Երևանում այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարներին նվիրված հայ-ամերիկյան համաժողովի հարթակներում:
Փոխնախարարի ասելով, միջոցառումը, որն անցկացվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության նախաձեռնությամբ, երկրորդն է: Նախորդ տարի Հայաստան էր այցելել ամերիկահայ գործարարների մեծ խումբ` ծանոթանալու երկրի ներդրումային ներուժին: Փոխնախարարը կարևորել է նման արձագանքը ՀՀ կառավարության մշակած ներդրումային ծրագրերին: «Մենք ունենք հստակ ծրագրեր ԱՄՆ ներդրողներին ներկայացնելու համար», - ընդգծել է փոխնախարարը: Հայկ Հարությունյանը նշել է, որ Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ռեսուրսն անսահմանափակ է, այն հավասար է 6 հազար մեգավատի, ընդ որում` տնտեսապես հիմնավորված: «Այլ հարց է, թե դրանք երբ և ինչ գնով կստեղծվեն: Դա կախված կլինի սակագնային քաղաքականությունից, բարենպաստ ներդրումային միջավայրից և այլ գործոններից», - ասել է փոխնախարարը, հավելելով, որ Հայաստանում ստեղծվել է բարենպաստ դաշտ էներգետիկայի ոլորտում ներդրումներ ներգրավելու համար: Կա, մասնավորապես, կանխատեսելի կարգավորվող դաշտ, ֆինանսական տեսանկյունից կայուն էներգեիկ համակարգ, մշակված հստակ ներդրումային ծրագրեր, երաշխիքներ շուկայի մասնակիցների համար: Այսպես, պետությունը երաշխավորում է 20 տարվա ընթացքում արևային և հողմային էներգետիկայի օբյեկտներից, 15 տարվա ընթացքում փոքր ՀԷԿ-երից էլեկտրաէներգիայի կայուն գնում: Ընթացիկ տարում փոքր ՀԷԿ-երի տեսակարար կշիռը Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալի 18%-ն է: Ակնկալվում է, որ բարենպաստ կլիմայական պայմանների պատճառով հիդրոէներգետիկայի օբյեկտների էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները կլինեն ռեկորդային, կազմելով, ընդհանուր առմամբ, 40%:
Ինչ վերաբերում է արևային էլեկտրակայաններին, ապա, ինչպես նշել է փոխնախարարը, դրանց զարգացման համար ստեղծվել է լավ ներդրումային դաշտ: Արդյունքում` միայն վերջին 3-4 տարում մինչև 1 ՄՎտ հզորությամբ փոքր արևային էլկետրակայանների թիվը մոտեցել է 100-ի: Ընդ որում, դրանց թիվն օրեցօր ավելանում է: