Արմինֆո. Հայաստանի ատոմային և վերականգնվող էներգետիկայի զարգացումը միմյանց չեն հակասում: Մայիսի 17-ին Երևանում բացված այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարների վերաբերյալ հայ-ամերիկյան համաժողովի շրջանակներում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Ըստ փոխնախարարի, գեներացիայի զարգացման օբյեկտների զարգացումը լրացնում է երկրի ընդհանուր էներգետիկ հավասարակշռությունը: Հայաստանը, շարունակել է Հայկ Հարությունյանը, ինչպես նաև այլ երկրներ, ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց էներգետիկ ներուժը: « Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացումը որևէ սպառնալիք չի ներկայացնում», - ասել է փոխնախարարը:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Հայկական ԱԷԿ-ը պլանային կանխարգելիչ աշխատանքների և վերալիցքավորման նպատակով 60 օրով կանգնեցվեց: Այդ ընթացքում կիրականացվեն նաև 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքներ:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ին հարցազրույցում Հայկական ատոմակայանի 2-րդ էներգոբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ղեկավար Վլադիմիր Բրեդովը հայտնել էր, որ պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում կիրականացվեն մեծ ծավալի աշխատանքներ: Հիմնական շեշտադրումը կլինի անվտանգության վրա`կիրականացվեն սարքավորումների վերանորոգման, ինչպես նաև սարքավորումների գործիքային հետազոտման աշխատանքներ: Վերանորոգման աշխատանքներին կօգնեն Կոլայի և Նովորոնեժսկի ատոմակայանների մասնագետները, քանի որ այդ կայանները կառուցված են միանման, իսկ գիտական ղեկավարությունն իրականացնում է «ЦНИИТМАШ» ընկերությունը, որը հանդիսանում է Ռոսատոմի ճյուղերից մեկը: «Ինչ վերաբերվում է գործիքային հետազոտությանը, ապա այստեղ հիմնական խնդիրն է` հաշվարկել և հաստատել սարքավորումների մնացորդային ռեսուրսը: Այսինքն, անհրաժեշտ է ստուգել ԱԷԿ-ի սարքավորումների հետագա շահագործման հնարավորությունները: Ինչպես հասկանում եք, կայանում կան շատ սարքավորումներ, հետևաբար, գործիքային հետազոտությունը բաշխված է ըստ տարիների, առանց վնասելու կայանի անվտանգությունը: Անցյալ տարի մենք սկսեցինա այդ գործընթացը, այս տարի հետազոտվող սարքավորումների ծավալը անցյալ տարվա համեմատ, վերահսկող մարմնի պահանջով, կավելանա 50% (150 տեսակի սարքավորում),: Հուսով ենք հաջորդ տարի ավարտել գործիքային հետազոտությունը, իսկ 2019-ին արդյունքները փոխանցել վերահսկող մարմնին` Միջուկային անվտանգության կարգավորման պետական մարմնին: Հուսով եմ, որ ամեն ինչ կախված կլինի հետազոտման արդյունքներից և պետական մարմնի որոշումից»,- ընդգծել էր Բրեդովը: