Արմինֆո.ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Կարեն Պետրոսյանն այսօր հուշագիր են ստորագրել «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Ծրագրին արդեն միացել են երեք ֆինանսական կառույցներ և չորս մատակարարներ: Կարծում եմ, որ թե' մատակարարների, և թե' լիզինգատուների թիվը կավելանա, որովհետև պահանջարկը բավականին մեծ է, և գյուղացիական տնտեսությունների համար տեխնիկայի ձեռքբերումը կդառնա ավելի մատչելի», – իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ գործադիր տնօրեն Կարեն Պետրոսյանն իր հերթին վստահություն է հայտնել, որ ծրագիրը մեծապես կնպաստի գյուղտեխնիկայի պարկի արդիականացմանը, նոր տեխնոլոգիաների ներկրմանն ու կիրառմանը: Տեղեկացնելով, որ կազմակերպությունը հիմնականում զբաղվում է հայտնի ամերիկյան «John Deere» ընկերության տրակտորների ներկրմամբ և մատակարարմամբ` Կարեն Պետրոսյանը հույս է հայտնել, որ ծրագիրը հնարավորությունը կընձեռի ավելի լայնորեն ներկայացնել այդ ապրանքանիշը և ֆերմերներին ապահովել որակյալ գյուղտեխնիկայով:
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ,հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ, սրսկիչներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա: Գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են` 20% կանխավճար, տարեկան 2% լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից: Գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի մասնակիցներն են «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ները, «ԱԿԲԱ Լիզինգ» լիզինգային ընկերությունը, իսկ որպես մատակարար հանդես են գալիս 4 ընկերություններ, որոնցից երկուսը «Սպեցմաշ » և «Հրաշք Այգի» ՍՊԸ-ներն են: