Արմինֆո. Երևանում ներդրումային դաշտի ակտիվացմանն ու զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի և IDeA հիմնադրամի («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») տնօրեն Էդգար Մանուկյանի հանդիպման ժամանակ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, կարևորելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի կողմից այս ուղղությամբ ներկայում տարվող աշխատանքները՝ Վահե Նիկոյանը նշել է, որ քաղաքապետարանն իր լիազորության շրջանակում պատրաստակամ է հնարավորին աջակցել փոխշահավետ համագործակցության շրջանակում մայրաքաղաքի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրագործմանը:
«Երևանում այսօր ձևավորված է բարենպաստ ներդրումային միջավայր, ինչը, միանշանակ, կարևոր նախապայման է ներդրողների համար: Ասօր հասանելի են նաև քաղաքապետարանի կողմից մշակված ներդրումային առաջարկների փաթեթները: Միաժամանակ մենք ողջունում ենք ցանկացած նոր առաջարկ», - նշել Վահե Նիկոյանը:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ IDeA հիմնադրամի տնօրեն Էդգար Մանուկյանն իր հերթին ներկայացրել է հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերը: Ընդգծելով Երևանում զբոսաշրջության զարգացման հեռանկարները՝ Էդգար Մանուկյանը նշել է համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման կարևորությունը և այս համատեքստում խոսել մայրաքաղաքում իրագործելի ներդրումային ծրագրերի մասին:
Մասնավորապես ներկայացվել են հիմնադրամի կողմից մշակված զբոսաշրջության զարգացմանն ուղղված` Երևանում նոր ճոպանուղու կառուցման, Հաղթանակ զբոսայգու վերակառուցման, ինչպես նաև Էրեբունի պատմահնագիտական արգելոցի զարգացման ներդրումային ծրագրերի առաջարկները:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկայում առավել մանրամասն քննարկելու հետագա համագործակցության հնարավոր ուղղություններն ու առաջարկների փաթեթները:
IDeA-ն բարեգործական հիմնադրամ է, որը հիմնադրվել է հայ բարերար Ռուբեն Վարդանյանի կողմից, երկարաժամկետ ծրագրերի իրականացման նպատակով, որոնք ազդեցություն կունենան Հայաստանի ապագայի վրա և կօգնեն գոյատևման մոդելից անցնել բարգավաճման մոդելին: Հիմնադրամի հիմքերը գալիս են «Հայաստանի 2020» նախագծից: Առավել հայտնի ծրագրերն են`Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC Dilijan College) և «Տաթևի վերածնունդ»-ը: Նախագծերն իրականացվում են սոցիալական ձեռներեցության հայեցակարգի շրջանակներում: