Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության /ԵԱՏՄ/ երկրների տնտեսությունների վիճակը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի /ԵԱՏՀ/ գործունեության հիմնական ուղղությունները և դրան բիզնեսի մասնակցության հնարավորություններն են մայիսի 25-ին քննարկվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ «Գործարար Ռուսաստան» գլխավոր և տարածաշրջանային խորհուրդների անդամների հանդիպմանը:
Ինչպես նշել է Տիգրան Սարգսյանը, 2017 թվականի սկզբին ԵԱՏՄ-ում 2014 թվականից ի վեր առաջին անգամ բոլոր հինգ երկրներում տնտեսական աճ է արձանագրվել: 2017 թվականի հունվար-մարտին Միության պետությունների արտաքին առևտրի ծավալն անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 29,6 տոկոսով: Փոխադարձ առևտրի աճը կազմել է 31,1 տոկոս: «Մեծանում Է ԵԱՏՄ-ի գծով գործընկեր երկրներից ներդրումներ կատարող ընկերությունների թիվը,-ընդգծել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:-Աճում են տնտեսության իրական հատվածը, բեռնափոխադրումների և ուղևորաշրջանառության ծավալները: Մինչեւ 2019 թվականը հանձնաժողովի կանխատեսումը կայուն նպաստավոր է»:
Միայն 2016-2017 թվականներին ԵԱՏՄ-ի երկրները պայմանավորվել են ներքին շուկայում 60 խոչընդոտների վերացման մասին: Սկզբունքային պայմանավորվածություններ են ձեռք բերվել էլեկտրաԷներգիայի, նավթի, գազի, տրանսպորտի ոլորտներում: Համատեղ նախագծեր են առաջանում տիեզերքի, հաստոցաշինության, գյուղատնտեսության, նոր տեխնոլոգիաների ոլորտներում: Գործարկվել է դեղամիջոցների և բժշկական իրերի ընդհանուր շուկան: Բարեփոխված է մաքսային օրենսդրությունը, մշակվում է ապրանքների տեղաշարժի նկատմամբ հսկողության նախագիծ, կատարվում Է դրանց մակնշում:
Ակտիվորեն առաջ է մղվում միջազգային օրակարգը: Փոխվարչապետերի հսկողության տակ է Միության թվային օրակարգը: Այս ամենը դրական է անդրադառնում ձեռնարկատիրական մթնոլորտի վրա:
Տիգրան Սարգսյանը ձեռնարկատերերին տեղեկացրել է բիզնես հանրության հետ հանձնաժողովի փոխգործակցության ձևաչափերի մասին: Գործում Է ԵԱՏՄ-ի Գործարար խորհուրդը, որի մեջ մտնում են մասնակից բոլոր երկրների բիզնես-ասոցիացիաները: Վերջինիս խնդիրն է՝ կոնսոլիդացված դիրքորոշում ձեւավորել միութենական որոշումների նախագծերի շուրջ և նախաձեռնություններ առաջ քաշել: ԵԱՏՀ-ի և բիզնեսի գործակցության ևս մեկ ձևաչափ են կոնսուլտատիվ կոմիտեները և աշխատանքային խմբերը, որտեղ մշակվում են փաստաթղթերի նախագծերը:
Հանձնաժողովն ապահովում է որոշումների նախագծերի հանրային քննարկումը, որին կարող է մասնակցել Միության երկրների բիզնես հանրության ցանկացած ներկայացուցիչ: 2016 թ. հաշվի Է առնվել ստացված դիտողությունների և առաջարկների ընդհանուր թվի շուրջ 80 տոկոսը:
«Խոչընդոտների վերացումը, սահմանափակումների կրճատումը ԵԱՏՀ-ի գործունեության կարևոր ուղղությունն է,-ընդգծել է Տիգրան Սարգսյանը:-Միայն 2016 թվականին Միության մարմինների կողմից ընդունված բոլոր որոշումների թվի առնվազն 30 տոկոսն ուղղված է խոչընդոտների վերացմանը և Միության ներքին շուկայի գործունեության բարելավմանը: Ներկայումս բացահայտված է 185 տարբեր խոչընդոտ, և երկրները պայմանավորվել են, որ արդեն մոտ ժամանակներս կվերացնեն դրանց մեկ երրորդը»
Հանձնաժողովի գործունեության գերակա ուղղություններից մեկը ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը համարել է թվային օրակարգի իրագործումը: «Կյանքն արագորեն փոխվում է, և ժամանակակից ընդհանուր շուկաներն ակնհայտորեն անկարելի է ձևավորել առանց թվայնացման,-ընդգծել է Տիգրան Սարգսյանը:-Անցյալ տարվա դեկտեմբերին նախագահները հայտարարություն են ընդունել այն մասին, որ մենք պետք է ԵԱՏՄ-ի ընդհանուր թվային օրակարգ ձևավորենք: Ստեղծվել է բարձր մակարդակի աշխատանքային խումբ: Մենք պետք է մինչև այս տարվա նոյեմբեր կառավարությունների ղեկավարներին ներկայացնենք Միության թվային տրանսֆորմացիայի իրականացման ծրագիր» :