Արմինֆո. Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորված հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ընկերությունը կանոնավոր չվերթներ է սկսում իրականացնել դեպի Մոսկվա:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո ծառայությունից, ավիաընկերությունը հունիսի 30-ից Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով թռիչքները կիրականացնի յուրաքանչյուր ուրբաթ: Հուլիսի 23-ից թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ ուրբաթ և կիրակի օրերին: Գյումրու «Շիրակ» օդանավակայանից չվերթները կիրականացվեն Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան:
«Տարոն-Ավիա» ընկերությունը, որն ավելի վաղ իրականացնում էր բեռնափոխադրումներ և սպասարկում չարտերային ուղղություններ Հայաստանի տարածքից դուրս, ապրիլի 25-ին սկսել է կանոնավոր չվերթներ իրականացնել Գյումրիից դեպի Կրասնոդար: Հենց այն ժամանակ էլ ընկերությունը հայտարարել է դեպի Դոնի Ռոստով և Սամարա չվերթներ իրականացնելու, իսկ հունիսից Գյումրի-Սոչի և Գյումրի-Մոսկվա ուղղությունները յուրացնմելու ծրագրերի մասին: Ավիաընկերության գլխավոր տնօրեն Գառնիկ Պապիկյանի ասելով, փոխադրողի ողջ ավիապարկը բաղկացած է լիզինգային վարձակալությամբ օգտագործվող երեք «Բոինգ-737-500»-ից:
Հիշեցնենք, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի զարգացման նպատակով Հայաստանի կառավարությունը մի շարք քայլեր է ձեռնարկել: Մասնավորապես, 2014 թվականի դեկտեմբերի 31-ին օդանավակայանն ազատվել է, այսպես կոչված, «օդի հարկի» վճարումից: 2017 թվականի հունվաիր 1-ից 50%-ով նվազեցվել է աերոնավիգացիոն սպասարկման սակագինը, իսկ ավիաընկերությունների ավիաօդերևութաբանական սպասարկումն իրականացվում է անվճար: 2016 թվականի նոյեմբերի 21-ին ռուսական «Պոբեդա» ընկերությունն սկսել է Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից դեպի Գյումրի միջազգային չվերթների տոմսերի վաճառքը: Միևնույն ժամանակ, «Շիրակ» օդանավակայանից երկար ժամանակ թռիչքներ չէին իրականացվում:
«Շիրակ» օդանավակայանը կառուցվել է 1961 թվականին, այժմ այն ներառված է «Հայաստանի միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կառուցվածքում, որն ստեղծել է արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էուռնեկյանը: 2017 թվականի փետրվարին հայտարարվել է, որ «Շիրակ» օդանավակայանը կառավարող ընկերությունը մտադիր է օդանավակայանի ենթակառուցվածքի բարելավման նպատակով իրականացնել 10 մլն դոլարի ներդրումային նախագիծ, որից 3 մլն դոլար կներդրվի ընթացիկ տարում: