
Արմինֆո. Այսօր՝ հունիսի 7-ին, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կմասնակցի Փարիզում կայանալիք «Հարկման բազայի քայքայումը և շահույթի տեղափոխումը կանխելու նպատակով հարկային պայմանագրին առնչվող միջոցառումների իրականացման վերաբերյալ» բազմակողմ կոնվենցիայի ստորագրման արարողությանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է նախարարության մամուլի ծառայությունից, Կոնվենցիայի տեքստը մշակվել և ընդունվել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկվող բազայի խեղաթյուրում և շահույթների տեղաշարժ (արտահանում) ծրագրի (BEPS) անդամ հանդիսացող 99 երկրների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի կողմից և հանդիսանում է այդ ծրագրի 15-րդ գործողությունը:
Կոնվենցիայի ստորագրումը թույլ է տալիս փաստաթուղթը ստորագրած բոլոր երկրների հարկ վճարողների համար սահմանել կրկնակի հարկման համաձայնագրերի որոշ դրույթների կիրառման միասնական մոտեցումներ, որոնք էլ ավելի արդյունավետ կդարձնեն հարկեր չվճարելու դեմ պայքարը:
Այն նաև ենթադրում է միջազգային համագործակցության ոլորտում հուսալի գործընկեր հանդիսացող երկրի կարգավիճակի ձեռքբերում:
RUB | 4.98 | -0.01 |
USD | 378.64 | -0.46 |
EUR | 451.38 | -1.34 |
GBP | 520.55 | -1.93 |
CAD | 279.77 | 0.20 |
JPY | 24.56 | -0.15 |
CNY | 54.47 | -0.10 |
CHF | 492.57 | -0.79 |

