
Արմինֆո. Սեզոնային մրգերի արտահանման գործընթացի պարզեցման և կատարելագործման վերաբերյալ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում նշել է.
«Ներկայումս Հայաստանում արտադրված սեզոնային մրգերի արտահանման համար առավել բարենպաստ շրջան է: Սակայն մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, պարզ է դարձել, որ նշված ապրանքատեսակների մաքսազերծման և բացթողնման գործընթացը որոշ դեպքերում մնում է ժամանակատար, իսկ իրականացվող վարչարարությունը՝ ոչ արդյունավետ: Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ տնտեսվարողների համար ամբողջությամբ չի կիրառվում մեկ պատուհանի սկզբունքը»:
Այդ ամենը հաշվի առնելով՝ վարչապետը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին և ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին 1-շաբաթյա ժամկետում մաքսային կետերում մեկ պատուհանի սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով՝ ապահովել Հայաստանում արտադրված սեզոնային մրգերի արտահանման վարչարարության էապես պարզեցումը և այդ գործընթացը հնարավորինս արագ, արդյունավետ և տնտեսվարողի համար մատչելի դարձնելու մեխանիզմները:
Նախօրեին հաղորդվել էր, որ 2017 թ. սկզբից Հայաստանից արդեն արտահանվել է շուրջ 32,5 հազար տոննա թարմ միրգ և բանջարեղեն: Հայկական թարմ մրգի և բանջարեղենի իրացման հիմնական շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը, 2017 թվականին ռուսական շուկա է ներմուծվել 31.5 հազար տոննա թարմ միրգ ու բանջարեղեն: Արտահանման մնացած մասն ուղղվել է Վրաստան և Արաբական Միացյալ Էմիրություններ:
RUB | 4.93 | 0.03 |
USD | 381.14 | -0.06 |
EUR | 444.68 | 0.24 |
GBP | 508.59 | 2.36 |
CAD | 272.91 | -0.43 |
JPY | 24.63 | 0.11 |
CNY | 53.90 | -0.06 |
CHF | 476.13 | 0.11 |

