Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետն ընդգծել է Հայաստանի ու Ռուսաստանի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության կարևորությունը և գոհունակություն հայտնել երկկողմ փոխգործակցության մակարդակից:
Զրուցակիցներն անդրադարձել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքին:
Ալեքսեյ Լիխաչովը նշել է, որ աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի և ավելացրել, որ ՀԱԷԿ-ի ծրագիրն էներգետիկ ոլորտում երկու պետությունների համագործակցության կարևորագույն ծրագրերից մեկն է: Այնուհետև «Ռոսատոմի» գլխավոր տնօրենը վարչապետին է ներկայացրել աշխատանքների միջանկյալ արդյունքները, անդրադարձել հետագա անելիքներին:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Հայկական ԱԷԿ-ը պլանային կանխարգելիչ աշխատանքների և վերալիցքավորման նպատակով 60 օրով կանգնեցվեց: Այդ ընթացքում կիրականացվեն նաև 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքներ: Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտին Հայաստանի կառավարությունը ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման վերաբերյալ որոշում էր կայացրել` նոր միջուկային էներգաբլոկի շինարարության ձգձման առնչությամբ: «Ռոսատոմը» և հայ փորձագետները պայմանավորվել էին աշխատել ԱԷԿ շահագուրծման ժամկետը մինչև 2026 թիվը երկարաձգելու նախագծի իրագործման ուղղությամբ: Նախատեսվում է այդ աշխատանքներն ավարտել 2019 թվականին: Ռուսաստանն այդ նպատակների համար 270 մլն դոլարի պետական արտահանման վարկ և 30 մլն դրամաշնորհ է հատկացրել Հայաստանին: «Ռոսատոմ Սերվիս» ԲԸ-ն «Ռոսատոմ» պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկական բաժանմունքի մաս է հանդիսանում: Ընկերությունը ՋՋԷՌ-ի վրա աշխատող օտարերկրյա ատոմակայաններին է մատուցում շահագործման եւ վերանորոգման համար անհրաժեշտ ծառայություններ, զբաղվում է մատակարարման գործընթացներով: Ընկերությունը ներկայացված է ՋՋԷՌ-ի վրա աշխատող ատոմակայաններ ունեցող գրեթե բոլոր երկրներում: Չինաստանի, Իրանի, Բուլղարիայի եւ Հայաստանի շուկաներում «Ռոսաոտոմ սերվիս» ընկերությունը հանդիսանում է շահագործման ժամկետը երկարացնելու, վերանորոգումներ իրականացնելու եւ ատոմակայանների արդիականացման աշխատանքների գլխավոր կապալառու: Արտասահմանյան շուկաներում «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի պատվերների ծավալը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար: