Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցել են նաև «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ներկայացուցիչները՝ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի ղեկավարությամբ։ Քննարկվել են ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների հետ կապված հարցերը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է նախարարության մամուլի ծառայությունից, «Ռուսատոմ Սերվիս» ընկերության տնօրեն Եվգենի Սալկովը ներկայացրել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի երկարաձգման ծրագրով 2017թ. պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում կատարվելիք միջոցառումների ընթացքը, առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները։ Արձանագրվել է, որ այս պահին նախատեսված աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի:
Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա երկու տարիներին պլանավորված միջոցառումներին։
Խորհրդակցության ավարտից հետո ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը շրջել են ատոմակայանում՝ ծանոթացել կատարված աշխատանքներին:
Հիշեցնենք, որ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման նպատակով մայիսի 10-ից ատոմակայանը դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից։ Պլանային աշխատանքներին զուգահեռ ընթանում են նաև գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման հետ կապված միջոցառումները։ Ըստ նախատեսված ժամանակացույցի, էներգաբլոկը ցանցին կմիանա հուլիսի 10-ին։
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Հայկական ԱԷԿ-ը պլանային կանխարգելիչ աշխատանքների և վերալիցքավորման նպատակով 60 օրով կանգնեցվեց: Այդ ընթացքում կիրականացվեն նաև 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքներ: Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտին Հայաստանի կառավարությունը ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման վերաբերյալ որոշում էր կայացրել` նոր միջուկային էներգաբլոկի շինարարության ձգձման առնչությամբ: «Ռոսատոմը» և հայ փորձագետները պայմանավորվել էին աշխատել ԱԷԿ շահագուրծման ժամկետը մինչև 2026 թիվը երկարաձգելու նախագծի իրագործման ուղղությամբ: Նախատեսվում է այդ աշխատանքներն ավարտել 2019 թվականին: Ռուսաստանն այդ նպատակների համար 270 մլն դոլարի պետական արտահանման վարկ և 30 մլն դրամաշնորհ է հատկացրել Հայաստանին: «Ռոսատոմ Սերվիս» ԲԸ-ն «Ռոսատոմ» պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկական բաժանմունքի մաս է հանդիսանում: Ընկերությունը ՋՋԷՌ-ի վրա աշխատող օտարերկրյա ատոմակայաններին է մատուցում շահագործման եւ վերանորոգման համար անհրաժեշտ ծառայություններ, զբաղվում է մատակարարման գործընթացներով: Ընկերությունը ներկայացված է ՋՋԷՌ-ի վրա աշխատող ատոմակայաններ ունեցող գրեթե բոլոր երկրներում: Չինաստանի, Իրանի, Բուլղարիայի եւ Հայաստանի շուկաներում «Ռոսաոտոմ սերվիս» ընկերությունը հանդիսանում է շահագործման ժամկետը երկարացնելու, վերանորոգումներ իրականացնելու եւ ատոմակայանների արդիականացման աշխատանքների գլխավոր կապալառու: Արտասահմանյան շուկաներում «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի պատվերների ծավալը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար:-