Արմինֆո. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը 2017 թվականի հունիսի 14-18-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնական այցով գտնվելու է Բրյուսելում:
Այցի շրջանականերում ՔԱԳՎ պետը մասնակցելու է Եվրոպայի աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպության («ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼե) հատուկ խորհրդի նիստին և Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական միության միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի (Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու) տեխնիկական հարցերի շուրջ քննարկմանը:
Եվրոպայի աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպության հատուկ խորհրդի նիստին նախատեսվում է «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼե միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի ընտրությունը:
ՀՀ ու ԵՄ միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի տեխնիկական հարցերի շուրջ քննարկմանը նախատեսվում է վերջնականացնել համաձայնագրի մի շարք հոդվածներ, ինչպես նաև՝ պատրաստվել պաշտոնական բանակցությունների երկրորդ փուլին:
Նշենք, որ Եվրոպայի աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպության հիմնական նպատակը «Եվրոպայի միասնական երկինք» նախագծի շրջանակներում օդային երթևեկության կազմակերպման համաեվրոպական համակարգի մշակումն է: Հայաստանը կազմակերպության անդամ է դարձել 2006 թվականին:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ կազմվել է Հայաստան-ԵՄ աշխատանքային խումբը, որը ձեռնամուխ կլինի ԵՄ ընդհանուր օդային տարածության Համաձայնագրին (Common Aviation Area Agreement) Հայաստանի միացման շուրջ պաշտոնական բանակցություններով:
Հայկական կողմից բանակցային գործընթացի ղեկավար է նշանակվել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ ԵՄ տրանսպորտի, հեռահաղորդակցության և էներգետիկայի Խորհուրդը դեկտեմբերի 1-ին հավանություն էր տվել բանակցություններն սկսելու մանդատին, կապված Հայաստանի հետ օդային տրանսպորտի համապարփակ համաձայնագրին: Ինչպես տեղեկացվել է ԱրմԻնֆո գործակալությանը, ընդհանուր օդային տարածության մասին համապարփակ համաձայնագիրն ուղղված է Եվրոպայում միջազգային կապի որակի բարձրացմանը, բարձրակարգ սպասարկման ապահովմանը և ավելի լայն ընտրություն կատարելու հնարավորության տրամադրմանն ուղևորներին: Նշված Համաձայնագրին միանալուց հետո Հայաստանը 28 երկրների հետ կունենա ազատականացված օդային ռեժիմ: Հայստանն իր վրա կվերցնի նաև օրենսդրական փոփոխությունների իրականացման և եվրոպական ստանդարտների իրականացման գծով պարտավորություններ: