Արմինֆո. Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, ակնկալվող արդյունքների, ընթացիկ ծրագրերի և առկա խնդիրների լուծման հնարավորությունների մասին։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Աշոտ Մանուկյանը Նախագահին տեղեկացրել է տարածաշրջանային համագործակցության ծրագրերի և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների, մասնավորապես` Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման բարձրավոլտ օդային գծերի կառուցման ծրագրերի ընթացքի մասին։
Հանրապետության Նախագահը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները, անել ամեն հնարավորը նախատեսված ծրագրերը սահմանված ժամկետում ավարտելու համար՝ ընդգծելով, որ դրանք կարևոր նշանակություն ունեն ինչպես Հայաստանի էներգետիկ համակարգի անվտանգության և հուսալիության, այնպես էլ տարածաշրջանային ծրագրերում մեր երկրի ներգրավվածության ապահովման գործում։
Այս համատեքստում նախարար Մանուկյանը զեկուցել է բարձրավոլտ էլեկտրական ցանցերի ենթակայանների նորոգման և արդիականացման լայնամասշտաբ ծրագրի իրականացման ընթացքն ու ակնկալվող արդյունքները։
Նախարարն անդրադարձել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրին, ներկայացրել կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։ Կարևորելով ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը՝ Նախագահը հանձնարարել է այն պահել մշտական հսկողության տակ, պատշաճ ուշադրություն հատկացնել կայանի անվտանգության բարձրացման միջոցառումների որակին։
Աշոտ Մանուկյանը ներկայացրել է նաև էներգետիկ ոլորտի հեռանկարային (մինչև 2036թ. ընկած ժամանակահատվածում) զարգացման լրամշակված հայեցակարգի հիմնադրույթները։
Նախարարը Հանրապետության Նախագահին զեկուցել է Հայաստանում «կանաչ էներգետիկայի» զարգացման հեռանկարների, մասնավորապես՝ արևից, քամուց, ինչպես նաև կենցաղային կոշտ թափոնների վերամշակումից էլեկտրական էներգիայի ստացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի, տարածաշրջանային համագործակցության հեռանկարների մասին։ Անդրադարձ է կատարվել ընդերքի կառավարման արդյունավետության, ընդերքօգտագործման բնապահպանական խնդիրների և ընդերքի համալիր համապարփակ ուսումնասիրման անհրաժեշտության հարցերին։ Դրանց վերաբերյալ տրվել են մի շարք հանձնարարականներ։
Հանրապետության Նախագահը հանձնարարել է նաև արագացնել չգազաֆիկացված բնակավայրերի տնտեսությունների կենցաղային կարիքների ապահովման այլընտրանքային տարբերակների գնահատման աշխատանքները՝ առաջնահերթ կերպով անդրադառնալով սահմանամերձ համայնքների խնդիրների արդյունավետ լուծման տարբերակներին:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Հայկական ԱԷԿ-ը պլանային կանխարգելիչ աշխատանքների և վերալիցքավորման նպատակով 60 օրով կանգնեցվեց: Այդ ընթացքում կիրականացվեն նաև 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքներ: Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտին Հայաստանի կառավարությունը ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման վերաբերյալ որոշում էր կայացրել` նոր միջուկային էներգաբլոկի շինարարության ձգձման առնչությամբ: «Ռոսատոմը» և հայ փորձագետները պայմանավորվել էին աշխատել ԱԷԿ շահագուրծման ժամկետը մինչև 2026 թիվը երկարաձգելու նախագծի իրագործման ուղղությամբ: Նախատեսվում է այդ աշխատանքներն ավարտել 2019 թվականին: Ռուսաստանն այդ նպատակների համար 270 մլն դոլարի պետական արտահանման վարկ և 30 մլն դրամաշնորհ է հատկացրել Հայաստանին: «Ռոսատոմ Սերվիս» ԲԸ-ն «Ռոսատոմ» պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկական բաժանմունքի մաս է հանդիսանում: Ընկերությունը ՋՋԷՌ-ի վրա աշխատող օտարերկրյա ատոմակայաններին է մատուցում շահագործման եւ վերանորոգման համար անհրաժեշտ ծառայություններ, զբաղվում է մատակարարման գործընթացներով: Ընկերությունը ներկայացված է ՋՋԷՌ-ի վրա աշխատող ատոմակայաններ ունեցող գրեթե բոլոր երկրներում: Չինաստանի, Իրանի, Բուլղարիայի եւ Հայաստանի շուկաներում «Ռոսաոտոմ սերվիս» ընկերությունը հանդիսանում է շահագործման ժամկետը երկարացնելու, վերանորոգումներ իրականացնելու եւ ատոմակայանների արդիականացման աշխատանքների գլխավոր կապալառու: Արտասահմանյան շուկաներում «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի պատվերների ծավալը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար: