Արմինֆո. Տարեսկզբից զգալիորեն աճել են Ազգային հիփոթեքային ընկերության ֆինանսավորմամբ և «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում Կոնվերս Բանկի վարկավորման ծավալները:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, 01.06.2017թ դրությամբ, «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում վարկավորման պորտֆելը աճել է 29,7 տոկոսով, Ազգային հիփոթեքային ընկերության էներգաարդյունավետ վարկավորման պորտֆելը՝ 15,5 տոկոսով, իսկ Անշարժ գույքի ձեռքբերման, կառուցապատման և նորոգման վարկավորման պորտֆելը՝ 9,1 տոկոսով:
«Վարկավորման նման աճը հնարավոր է դարձել Կոնվերս Բանկի կողմից առաջարկվող վարկավորման մրցունակ պայմանների շնորհիվ: Մասնավորապես, «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում Բանկը տրամադրում է առավելագույնը 17,5 մլն դրամի վարկեր՝ մարման մինչև15 տարի ժամկետով և 9 տոկոս տարեկան տոկոսադրույքով, որից Երևանում սուբսիդավորվում է 2 տոկոսը, մարզերում՝ 4 տոկոսը»,- նշում է աղբյուրը:
Զուգահեռաբար, Ազգային հիփոթեքային ընկերության ֆինանսավորմամբ հաճախորդներին տրամադրվում են առավելագույնը 25 մլն դրամի չափով վարկեր՝ առավելագույնը 20 տարի ժամկետով եւ 11 տոկոս տարեկան դրույքաչափով:
«Ազգային հիփոթեքային ընկերության ֆինանսավորմամբ վարկավորումը հնարավորություն է ընձեռում բարելավել բնակարանային պայմանները, բնակարանի ջերմամեկուսացմամբ անցնել էներգախնայողության, ինչպես նաեւ ձեռք բերել էներգաարդյունավետության դաս ունեցող (A+-ից բարձր) կենցաղային տեխնիկա»,- ասացին Բանկում՝ հավելելով, որ այս վարկատեսակների վարկավորման՝ Կոնվերս Բանկի առաջարկած պայմանները Հայաստանում լավագույներից են:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշների, 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Կոնվերս բանկը հիփոթեքային վարկերի ծավալներով երկրորդն է շուկայում`21.3 մլրդ դրամ ($ 44 մլն), կամ վարկային ընդհանուր պորտֆելի 16% -ը: Ընդհանուր հիփոթեքային վարկերի ծավալներում Կոնվերս Բանկի մասնաբաժինը գերազանցում է 11%-ը: Կոնվերս Բանկի հիփոթեքային պորտֆելը տարեկան կտրվածքով արագացել է` 0,2% -ից մինչև 4,7%, ընդ որում, հիմնական աճը (2.7%) տեղի է ունեցել I եռամսյակում: Կոնվերս բանկը Հայաստանում գործում է 1996 թվականի սեպտեմբերից: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Բանկի բաժնետերերն են Advanced Global Investments ընկերությունը` 80.94%, HayPost Trust Management B.V. ընկերությունը`14.06%, Էջմիածնի Մայր տաճարը`5%:
Նշենք, որ հիփոթեքային վարկավորումւը բանկերն իրականացնում են վերը նշված ծրագրերով, որոնք վերաֆինանսավորում են «ԱՀԸ» և «ՄԲԵ» վարկային կազմակերպոթյունները, որոնք 2009-2010 թվականներին բացվել են ՀՀ կառավարության և ԿԲ նախաձեռնությամբ, երկրի հիփոթեքային շուկայի խթանման նպատակով: