Արմինֆո. Առաջիկա երեք տարիներին Արարատբանկը կդառնա դասական, թվային և ներդրումային բանկ: Այս մասին բանկի բաժնետերերի տարեկան ժողովում հայտարարել է Արարատբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը: Նա տեղեկացրել է, որ բանկը զինված է ռազմավարական զարգացման «NeoBank» նոր ծրագրով, որը կընթանա «See Your future» նշանաբանով:
Դասական առևտրային վարկային կառույցի զարգացման մոդելի շրջանակներում Բանկը մտադիր է վերանայել իր կառուցվածքը և աշխատել բանկային պրոդուկտների, մասնաճյուղերի և ֆինանսական գործառնությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ: «Digital»-ին անցնելու համար, նշել է Օսիպյանը, Բանկը կաշխատի խթանել թվային ծառայությունները, մասնավորապես, ինտերնետ-բանկինգի, բջջային և հեռախոսային բանկինգի զարգացման միջոցով, ավելացնելով վճարային տերմինալների թիվը, ներդնելով վիրտուալ և էլեկտրոնային մասնաճյուղեր, über հավելվածներ, NET-SPEND համակարգեր:
Դիրքավորվելով որպես ներդրումային բանկ, Արարատբանկը ծառայություններ կմատուցի IPO կազմակերպման, պարտատոմսերի տեղաբաշխման, ակտիվների կառավարման, իրավական օժանդակության, ինչպես նաև M&A գործարքների սպասարկման ուղղությամբ:
Ըստ Արարատբանկի տվյալների, 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Արարատբանկի ակտիվները կազմել են 149.2 մլրդ դրամ, վարկային ներդրումները`66.2 մլրդ դրամ, ընդհանուր պարտավորությունները`116.1 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները`62.9 մլրդ դրամ: Ընդհանուր կապիտալը կազմել է 33.1 մլրդ դրամ: Անցյալը 2016 թվականը Բանկը եզրափակել է 1.1 մլրդ. դրամ զուտ շահույթով: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում այսօր շրջանառվում են Արարատբանկի կորպորատիվ պարտատոմսերի 6 թողարկումները, որից 5-ը`դոլարային: Ընդհանուր առմամբ, բանկը թողարկել է սեփական պարտատոմսերի 13 տրանշ, որի կեսն արդեն մարված է: Բանկն ունի 65 մասնաճյուղ` մայրաքաղաքում և մարզերում: 2016-ի դեկտեմբերին տեղի ունեցավ Զարգացման հայկական բանկի միավորումն Արարատբանկի հետ, որի վերջնական ավարտը տեղի կունենա 2017-ի սեպտեմբերին: