Արմինֆո. Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հաստատել է Հայաստանի էներգետիկ ոլորտի 8 մլրդ.դոլարի ներդրումային ներուժը:
«Խոսքը գնում է ներուժի, ներդրումային հնարավորությունների մասին, որոնք հնարավոր կդառնան այն ժամանակ, երբ էլեկտրաէներգիայի շուկան լինի լիովին ազատականացված և հնարավոր կլինի էլեկտրաէներգիայի արտահանումը Հայաստանից դեպի Վրաստան, Իրան, դեպի հարավ», - ասել է հունիսի 21-ին ամերիկացի դիվանագետը, «Մրցակցության վերագնահատումը Հայաստանում. Ժամանակակից մարտահրավերները և ապագան» համաժողովի շրջանակներում: Ընդ որում, Միլզը հավելել է, որ դեպի Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանման հեռանկարները նույնպես իրական հնարավորություններ կստեղծեն ներդրումների ներգրավման համար:
Ինչպես պարզաբանել է դեսպանը, Հայաստանի էներգետիկ ոլորտի ներուժը, որը կազմում է 8 մլրդ.դոլար, հաշվարկվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից: Իսկ ԱՄՆ դեսպանության գնահատականները հաստատում են այդ ներուժի առկայությունը, նշել է նա:
Դիվանագետը նշել է, ամերիկյան ընկերությունների հետաքրքրությունը դեպի Հայաստանի էներգետիկ ոլորտը: Միևնույն ժամանակ, դեսպանն ընդգծել է, միլիարդավոր դոլարների ներդրումները հնարավոր կլինեն միայն համապատասխան ենթակառուցվածքների առկայության դեպքում: Նա նշել է, որ այս ամիս էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հետ ունեցել է մի քանի արդյունավետ հանդիպում, որի ընթացքում նախարարը ներկայացրել է երկու ներդրումային ծրագիր: Մեկը վերաբերվում էր էլեկտրաէներգիայի արտադրությանը կոշտ թափոնների վերամշակման միջոցով: Ներկայումս այդ առաջարկները քննարկվում են ամերիկյան ներդրողներիի կողմից, ասել է Միլզը:
Մեկ ամիս առաջ, լրագրողների զրույցում դեսպան Ռիչարդ Միլզն ասել էր, որ ամերիկյան ներդրողներն ավելի քան հետաքրքրված են Հայաստանի էներգետիկ ոլորտով: Ըստ Միլզի, առկա է 8 մլրդ.դոլարի ներդրումային համագործակցության հնարավորությունը: Դեսպանը խոստովանել է, որ ամերիկյան ներդրողների հետաքրքրությունն այնքան մեծ է, որ գերազանցել է բոլոր սպասումները: Նա ընդգծել է, որ Հայաստանի գործարարների, կառավարության խնդիրն է – ցուցադրել Հայաստանի ներդրումային գրավչությունն ամերիկյան ներդրողների համար: