Արմինֆո. ՀՀ կառավարությունն Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությանն ազատել է մաքսային տուրքերից`սարքավորումների և հումքի հերթական խմբաքանակը ներմուծելիս:
Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունիսի 23-ի նիստում:
Ինչպես հայտարարել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, «Լիդիան Արմենիա» (նախկին` «Գեոթիմ» ՓԲԸ) արդեն ներդրել է շուրջ 44 մլրդ դրամ (մոտ 90 մլն դոլար): Նախագծի իրականացման ընթացքում ևս կներդրվի 180 մլրդ դրամ: Ներմուծվող սարքավորումների արշեքը կկազմի մոտ 2.5 մլրդ.դրամ:
Նշենք, որ բրիտանական Lydian International Ltd ընկերությունն այսօր Հայաստանում իրականացնում է արդյունաբերական ամենախոշոր՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը՝ 370 մլն դոլար ընդհանուր արժեքով: 2016 թվականի օգոստոսին տեղի ունեցավ նախագծի մեկնարկի պաշտոնական արարողությունը, որը նախատեսում է շինարարության և հանքավայրի իրացման սկիզբը: Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի և 4 ամիս, նախատեսվում է տարեկան արդյունահանել 200 հազար ունցիա ոսկի (մոտ 10 մլն տոննա հանքանյութ): Մեկ ունցիայի ծախսը միջին հաշվով կազմում են 585 դոլար, իսկ ոսկու կորզման ընդհանուր ցուցանիշը՝ 87%: Ամուլսարի 370 մլն դոլար արժեքով ծրագրի շրջանակներում կատարվող շինարարության ընթացքում կստեղծվի 1300 աշխատատեղ (շինարարական աշխատանքները կընթանան մոտ 2 տարի), իսկ հանքավայրի շահագործման ամբողջ ընթացքում կստեղծվի 650-700 աշխատատեղ: Ընկերության բաժնետերերն են` IFC- ն և ՎԶԵԲ-ը: Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Ամուլսարի հանքավայրն իր պաշարնորով երկրորդն է Հայաստանում: