Արմինֆո. «Ինչպես հայտնի է, կառավարությունը հետևողականորեն շարունակում է աշխատանքները ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման ուղղությամբ: Վերջինս ենթադրում է, որ թե´ բյուջետային ծրագրերը, թե´ դրանց կատարողականները պետք է ներկայացվեն՝ աստիճանաբար ավելի մեծ շեշտադրումներ կատարելով արդյունքային ցուցանիշներին», - հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը` ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման կապակցությամբ իր ելույթում: «Այլ կերպ ասած, համեմատաբար մեծ ուշադրություն պետք է դարձվի ոչ թե այն բանին, թե որքան ֆինանսական միջոցներ ենք ծախսել, այլ թե ինչ արդյունքներ են արձանագրվել այդ միջոցների օգտագործմամբ: Հետևաբար, ոլորտային քննարկումների ժամանակ մենք նախատեսում ենք շարունակել ջանքեր գործադրել քննարկումները հենց այս տրամաբանությամբ հնարավորինս բովանդակային դարձնելու ուղղությամբ», - նշել է վարչապետը:
Նա ընդգծել է, որ ՀՀ օրենսդրության պահանջներից ելնելով, կառավարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: «Ազգային ժողովը քննարկումների բավական հագեցած ժամանակացույց է նախատեսել, որի ընթացքում, նախ, կներկայացվի այն մակրոմիջավայրը, որտեղ տեղի է ունեցել պետական բյուջեի կատարման գործընթացը, և կմանրամասնվեն հաշվետու տարվա սոցիալական, տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները և արձանագրված արդյունքները, ինչպես նաև կներկայացվեն ոլորտային ծրագրերի կատարողականի արդյունքները», - ընդգծել է վարչապետը:
Կարեն Կարապետյանի ասելով, 2016 թ. տարեկան տվյալների ամփոփման արդյունքների, հարկաբյուջետային քաղաքականության և դրա շրջանակում կառավարության կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ առավել մանրամասն կներկայացնի ֆինանսների նախարարը: «Տնտեսության հետագա զարգացման հիմքերի ստեղծման նպատակով 2016 թ. սկսվել և ներկայում շարունակվում են քննարկումները, որոնք հիմնականում իրենց արտացոլումը գտել են վերջերս հավանության արժանացած կառավարության ծրագրում և առաջիկայում կարտացոլվեն պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում ու պետական բյուջեի նախագծում: Հուսով եմ, որ մեզ սպասվում են կառուցողական քննարկումներ և ձեր կողմից կարվեն կոնստրուկտիվ առաջարկներ, որոնք կառավարությունը հաշվի կառնի իր կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերում, ինչն, անկասկած, կնպաստի պետական ֆինանսների առավել արդյունավետ կառավարմանը», - նշել է վարչապետը: