Արմինֆո. Սույն թվականի հունիսի 29-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Բանկը կտեղաբաշխի իր պարտատոմսերի չորրորդ՝ դոլարային տրանշը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Բանկի պարտատոմսերի 4-րդ թողարկումը ներառելու է 50,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 5.75% տարեկան տոկոսադրույքով եւ 2 տարի շրջանառության ժամկետով, իսկ տոկոսները կվճարվեն 6-ամսյա պարբերականությամբ: Չորրորդ թողարկման ծավալը կազմել է 5 մլն ԱՄՆ դոլար:
Ձեռքբերման համար նախատեսված նվազագույն փաթեթը բաղկացած է 10 պարտատոմսից, յուրաքանչյուրը` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ պարտատոմսերի գնման համար կարող է դիմել բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:
««Անելիք Բանկը» արժեթղթերի շուկայի ակտիվ մասնակիցներից է, և հաշվի առնելով նախորդ թողարկումների ժամանակ դրսևորված պահանջարկը` պարտատոմսերի թողարկումները կկրեն պարբերական բնույթ: Մինչ այսօր Բանկն արդեն թողարկել է 10 մլն ԱՄՆ դոլարի և 1 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս: Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում»,-նշել է Անելիք Բանկի ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը:
Ներկայումս ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում, նշվաշ թողարկման հետ մեկտեղ, շրջանառվում են Անելիք Բանկի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի երեք թողարկումները`երկու դոլարային (յուրաքանչյուրը 5 մլն դոլար) և մեկ դրամային (1 մլրդ դրամ) ծավալներով: Առաջին տրանշը (դոլարային) Անելիք Բանկն իր պատմության մեջ առաջին անգամ թողարկեց 2016 թվականի դեկտեմբերին: Դրանց տարեկան եկամտաբերությունը կազմում է 6.5%, շրջանառության ժամկետը` 2 տարի: Ցուցակումը ֆոնդային բորսայում առաջին թողարկումն անցավ 2017-ի հունվարի 20-ին և շրջանառվում են Abond հիմնական ցուցակում: Երրորդ թողարկումը, ՀՀ դրամով, որը թողարկվել է այս տարվա մարտի 15-ին, որի առաջնային տեղաբաշխումն ավարտվել է ապրիլի 12-ին, ֆոնդային բորսայում սկսեց շրջանառվել 2017-ի ապրիլի 27-ից: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում, Անելիք Բանկի պարտատոմսերի 3 թողարկումների հետ միասին, 2017-ի հունիսի 13-ի դրությամբ շրջանառվում են կորպորատիվ պարտատոմսերի 11 թողարկողների 32 թողարկումներ: Դրանցից 20-ը (այդ թվում`16 դոլարային) կատարել են 7 թողարկող բանկեր`Արարատբանկը, Ամերիաբանկը, Արմսվիսբանկը, Հայբիզնեսբանկը, Անելիք Բանկը, Յունիբանկը և Կոնվերս Բանկը:
Հիշեցնենք, որ «Անելիք Բանկը» շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: 2016 թվականի նոյեմբերին իրականացված լրացուցիչ թողարկմից հետո Բանկի բաժնետերերի կազմը փոխվեց, միացավ կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, 59.68% բաժնեմասով, ինչը նվազեցրել նախկին բաժնետերերի մասնաբաժինը, դեմս Լիբանանյան ԿրեդիտԲանկ S.A.L ի, 100%-ից մինչև 40.32%: Բանկի անուղղակի մեծամասնական բաժնետերերն են հանդիսանում ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank S.A.L) և Վարդան Դիլանյանը (FISTOCO ՍՊԸ):