Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հուլիսի 3-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության հանքերի, արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մոջթաբա Խոսրով Թաջի ղեկավարած պատվիրակությանը։
Նախարար Կարայանը ողջունել է Մոջթաբա Խոսրով Թաջին և շնորհակալություն հայտնել այցի համար: Նախարարի խոսքով՝ պաշտոնյայի հետ նախորդ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները իրականացման ընթացքում են, և դրական առաջընթաց կա բոլոր ուղղություններով: Սուրեն Կարայանն առանձնացրել է մասնավորապես արտահանման ապահովագրության ոլորտում Հայաստանի և Իրանի միջև համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքները և միջպետական ստանդարտների համապատասխանության ոլորտում փոխգործակցությունը:
Մոջթաբա Խոսրով Թաջն իր հերթին հաստատել է ձեռք բերված պայմանավորվածությունների հաջող ընթացքը՝ նշելով, որ երկու երկրների արտահանողների առկա խնդիրները վեր հանելու և դրանց լուծումներ տալու նպատակով ստեղծված օպերատիվ խմբերն արդեն արդյունավետ աշխատում են։ «Ձեր այս այցը և մեր հանդիպումը ևս մեր պայմանավորվածությունների իրագործման քայլերից մեկն է։ Ուրախ եմ, որ պատվիրակության կազմում են նաև Իրանում գյուղտեխնիկայի արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներ։ Վստահ եմ, որ արդյունավետ համագործակցություն կհաստատվի այս ուղղությամբ ևսե,- նշել է Սուրեն Կարայանը։ Գործարարները հանդիպման ընթացքում ներկայացրել են իրանական գյուղտեխնիկան՝ տարատեսակները, հզորությունները, մատչելիությունը և այլ մանրամասներ։
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը իրանցի գործարարներին է ներկայացրել Հայաստանում գյուղտեխնիկայի պահանջարկի վերաբերյալ տեղեկություններ։ Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև Հայաստանի կառավարության գյուղատնտեսական ծրագրերը, մասնավորապես՝ գյուղտեխնիկայի տրամադրման լիզինգի պետական ծրագիրը, որի շուրջ համագործակցությունն առաջարկվել է դիտարկել ևս։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային հանդիպումներ նախաձեռնել ոլորտի հայաստանյան ներկայացուցիչների հետ՝ համագործակցության ձևաչափը քննարկելու նպատակով։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի առաջարկով իրանական ընկերությունների ներկայացուցիչները քննարկումներ կանցկացնեն նաև Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հետ։
Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում հայտերի ընդունման գործընթացը մեկնարկել էր մարտի 27-ից: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կառավարության հաստատած ծրագրի համաձայն, Գյուղտեխնիկան տրամադրվում է 9 % տոկոսադրույքով, որից 7 տոկոսային կետը սուբսիդավորվում է պետության կողմից, արդյունքում` շահառուները հնարավորություն ունեն տեխնիկան ձեռք բերել 2 % լիզինգային տոկոսադրույքով` առանց լրացուցիչ որևէ վճարի: Արդյուքնմում, ինչպես ակնկալվում է, 2017 թվականին գյուղտեխնիկայի ձեռք բերմանը կուղղորդվի շուրջ 2,2 մլրդ դրամ: Առաջիկա 6 տարում լիզինգով գյուղտեխնիկայի տրամադրման ծրագրի շրջանակում սուբսիդավորման համար նախատեսվում է հատկացնել 500 մլն դրամ, իսկ արդեն 2017 թվականին` 120 մլն դրամ: Ավելի մեծ պահանջարկի առկայության դեպքում կառավարությունը խոստացել է քննարկել դրա ծավալը մեծացնելու հնարավորությունը: Ինչպես մարտի 17-ին հայտարարել էր գյուղնախարար Իգնատի Առաքելյանը, ծրագրի շահառուները կարող են գյուղտեխնիկա ձեռք բերել իրենց համար շահավետ պայմաններով` 2% տարեկան տոկոսադրույքով, 3-10 տարի մարման ժամկետով:
Նշենք, որ ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, առևտրի շրջանառությունը Հայաստանի և Իրանի միջև 2016 թվականին կազմել է $ 238,8 մլն, տարեկան անկումը`17.7%: Արտահանման ծավալը կազմել է $ 74.8 մլն, տարեկան անկումը` 8,4%, իսկ ներմուծման ծավալը`$ 164 մլն, տարեկան անկումը`17.3%: Իրանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2017 թ. 4 ամիսներին կազմել է $64,8 մլն (անկումը՝ 14,5%):