Արմինֆո. «Մենք հաճույքով մեր ապրանքների ավելի լայն անվանացանկ կներմուծեինք Հայաստան, սակայն լոգիստիկայի բացակայությունը դեռևս հայ-ղազախական առևտրի ցավոտ հարցն է մնում»,- ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը:
Նա նշել է, որ ղազախստանյան արտադրանքը կորցնում է իր մրցունակությունը՝ տեղափոխման վերադիր ծախսերի պատճառով, որոնք այնուհետև անդրադառնում են Հայաստան ներմուծվող ապրանքների ինքնարժեքի բարձրացման վրա: «Ռուսաստանի հետ շատ բաներում համընկնում է ապրանքագիծը, և մեր ողջ արտահանման արտադրանքը կարող է Հայաստան գնալ միայն Ռուսաստանով և Վրաստանով: Այդպիսով՝ հայ սպառողին ավելի շահավետ կլինի ձեռք բերել ռուսական արտադրանք, նույնիսկ եթե այն որակով փոքր-ինչ ավելի ցածր լինի»,- ասել է դեսպանը: Իրանով ավտոմոբիլային մատակարարումների առնչությամբ դեսպանը նշել է, որ ղազախստանցի մատկարարներին սպասում է 3-4 փոխաբեռնում, և համապատասխանաբար, նոր վերադիր ծախսեր: «Կամ պետք է նորմալ լոգիստիկ պայմաններ ստեղծել առևտրի համար կամ զարգացնել ոչ նյութական առևտուրը և ներդրումային համագորխակցությունը»,- ընդգծել է նա:
Այս առնչությամբ Ուրազաևը հայտնել է, որ ղազախստանյան պատվիրակությունը՝ ի դեմս «Կազինվեստ» ղազախստանյան ներդրումների գործակալության, վերջին 2 ամսում երկու անգամ այցելել է Հայաստան՝ ՀՀ կառավարության հետ համատեղ ներդրումային նախագծերի իրականացումը քննարկելու նպատակով:
Եվ, այնուամենայնիվ, I եռամսյակի արդյունքներով, դեսպանի խոսքով, Ղազախստանի և Հայաստանի միջև արտաքին առևտրշրջանառությունն աճել է տարեկան արտահայտմամբ 46,6%-ով: Այս առումով նա նշել է, որ արժեքային արտահայտմամբ ղազախստանյան շուկա ներմուծվող արտահանման արտադրանքի ընդհանուր ծավալի 60%-ը բաժին է ընկնում ոսկերչական իրերին, ինչին հաջորդում է Հայաստանի գինու և կոնյակի արտադրանքը:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2017 թ. I եռամսյակում Հայաստանի և Ղազախստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 80,5%-ով՝ մինչև $1.012 մլն, մասնավորապես՝ արտահանումն աճել է66,8%-ով, մինչև $857.6 հազար, ներմուծումը՝ 3.3 անգամ, մինչև $154.6 հազար: