Արմինֆո. Արագածոտնի խոշորագյուն գյուղերից մեկի ցանքատարածությունների մեկ երրորդը ոչնչացել է երեկ տեղացած կարկուտի հետևանքով: «Ոչնչացվել են Արագածավանի հացահատիկային և բոստանային մշակաբույսերի հարյուրավոր հեկտարներ: Ամենայն հավանականությամբ, կարկուտը ոչնչացրել է ծիրանի բերքը»,- ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը:
Պապիկյանի խոսքով, Արագածավանի ցանքատարածությունները կազմում են 3 հազար հա, որից հազարը տուժել է երեկ երեկոյան տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով: Բացի այդ, առատ տեղումների հետևանքով սելավը քշել տարել է անասունների: «Երեկոյան գյուղի բնակիչները, փոխհատուցում պահանջելով կրած վնասի համար, փակել են ճանապարհը, սակայն ներկայումս գյուղատնտեսության փոխնախարարի հետ միասին հաշվում են վնասի չափը»,- հայտարարել է գյուղապետը:
Արագածոտնի մարզի Սուսեր գյուղն այնքան էլ ուժեղ չի տուժել: Գյուղապետ Գուրգեն Զաքարյանի խոսքով, նախնական հաշվարկների համաձայն՝ տուժել է մրգի ծառերի 50%-ը, բերքի մնացած մասը, սակայն, մինչ այդ երաշտի զոհ էր դարձել:
ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունում ԱրմԻնֆո-ին հայտնել են, որ ներկայումս ճշտվում է կարկուտից վնասի չափը: Տեղեկատվության համաձայն՝ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը վաղ առավոտից գտնվում է Արագածոտնում: Մամուլի ծառայությունում չեն նշել, թե որքան հեկտար և ինչ մշակաբույսեր են առավելապես տուժել, սակայն հավաստիացրել են, որ վնասի չափի գնահատման և օպերատիվ միջոցառումներ կազմակերպելու համար ՀՀ Գյուղատնտեսույան նախարարությունում ձևավորվել է աշխատանքային խումբ: Ավելի առարկայական տեղեկատվություն խոստացել են տրամադրել ավելի ուշ:
Մինչդեռ Գյուղատնտեսության նախարարությունում դեռևս հաշվում են ավելի վաղ տեղացած կարկուտի հետևանքով վնասի չափը: Ինչպես հունիսի 15-ին հայտարարել էր գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, կառավարությունն աշխատում է Արմավիրի, Արագածոտնի և Տավուշի մարզերի ֆերմերներին կարկտահարության հետևանքով առաջացած վնասները վերացնելու և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: «Հնարավոր ֆինանսական մեխանիզմներ կարող են հանդիսանալ վարկային պարտավորությունների սառեցումը կամ հետաձգումը: Հնարավոր է նաև նրանց վճարման վարկերի արտոնյալ ժամանակահատվածի տրամադրումը», - ասել էր նախարարը: Միևնույն ժամանակ, ինչպես նշել էր նախարարը, աջակցության այդ գործիքները չեն կարող լուծել ստեղծված իրավիճակը, քանի որ չեն ապահովում վնասի լիարժեք փոխհատուցում: Ըստ նախարարի, փրկության օղակ կարող է լինել գյուղատնտեսական ապահովագրական ներդրումը, ինչպես նաև հակակարկտային ցանցերի տեղադրումը, որոնք, չնայած հանդիսանում են երկարաժամկետ և թանկարժեք գործիքներ և հաճախ անհասանելի են ֆերմերներին, բայց կարող են փոխհատուցել պատճառված վնասը լրիվ ծավալով: