Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինին:
Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, զրուցակիցներն արդյունավետ են գնահատել երկկողմ գործակցությունը, որի շրջանակում հաջող իրականացվում են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված մի շարք ներդրումային ծրագրեր:
Վերահաստատելով ակտիվ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Պանկինը քննարկել են այն զարգացնելու և ընդլայնելու հեռանկարները: Անդրադարձ է եղել, մասնավորապես, գյուղատնտեսության, տրանսպորտի, ենթակառուցվածքների ոլորտներում ներդրումային նախագծերի իրականացման հնարավորություններին:
Նշենք, որ 2016-ի դեկտեմբերի 31-ի դրոթւյամբ ԵԱԶԲ ներդրումային պորտֆելը Հայաստանի 8 նախագծերում կազմել է $ 130 մլն., Հայաստանի ֆինանսավորումը Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի կողմից, որի միջոցները կառավարում է ԵԱԶԲ-ն, կազմում է $ 490 մլն: Արդեն գործող համաձայագրեր են ստորագրվել $ 300 մլն.բյուջետային աջակցության, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության մասին - $ 150 մլն.-ի չափով, ինչպես նաև ոռոգման ծրագիրը - $ 40 մլն.: Քննարկման փուլում է նաև «Մաստարայի» ջրամբարի շինարարության նախագիծը, $ 40 մլն գումարով:
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) միջազգային ֆինանսական հաստատությունն է, որը հիմնվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից, 2006 թվականի հունվարին, անդամ-պետությունների շուկայական տնտեսությունների զարգացմանը, նրանց կայուն տնտեսական աճին և առևտրի ու տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանը նպաստելու նպատակով: ԵԱԶԲ կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ.դոլար: Բանկի մասնակից պետություններն են` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: