Արմինֆո. Անելիք Բանկի «Նոր Նորք» մասնաճյուղն իր հաճախորդներին կշարունակի մատուցել բանկային ծառայություններ արդեն նոր հասցեով: Մասնաճյուղի վերաբացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա 17/1 հասցեում, որին ներկա են եղել Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, Բանկի հաճախորդներ, գործընկերներ ու բարձրաստիճան հյուրեր: Այս մասին ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
«Ժամանակակից, գեղեցիկ և հարմարավետ կահավորված այս նորաբաց մասնաճյուղը շահեկանորեն գրավիչ է իր հարմարավետ դիրքի շնորհիվ, ինչը նպաստելու է Բանկի նոր հաճախորդների ներգրավմանը: Նորաբաց մասնաճյուղում ստեղծվել են հաճախորդների համար հարմարավետ եւ արդյունավետ սպասարկման պայմաններ»,- ասել է Անելիք Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:
Պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին, նա նշել է բանկն այս տարի, հավանաբար, չի նախատեսում նոր մասնաճյուղերի բացում, բայց կվերանորոգվեն բանկի գործող մասնաճյուղերը` Երևանի Բաղրամյան պողոտայում և Գյումրիում:
Իսկ Բանկի մասնաճյուղային ցանցի զարգացման վարչության պետ Արման Ամիրխանյանի խոսքերով. ««Նոր Նորք» մասնաճյուղի վերաբացումը Բանկի մասնաճյուղային ցանցի զարգացման ու կատարելագործման միջոցառումների համալիր ծրագրի հերթական քայլն է: Բանկն ակտիվորեն համագործակցում է ինչպես բիզնեսի ներկայացուցիչների, այնպես էլ ֆիզիկական անձանց հետ` մատուցելով նրանց տարատեսակ և բարձրակարգ բանկային ծառայություններ»:
Նշենք, որ «Նոր Նորք» մասնաճյուղը աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09:15-ից մինչև 16:45-ը, Նոր Նորք վարչական շրջան Գայի պողոտա 17/1 հասցեով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության պատրաստած «Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի», 2016 թվականի արդյունքներով «Անելիք Բանկի» վարկային ներդրումներն աճել են 3.6 անգամ, մինչև 218.8 մլրդ դրամ, որտեղ մանրածախի մասնաբաժինը կազմել է 13% կամ 27.7 մլրդ.դրամ: Վարկային պորտֆելի նման աճը բանկին թույլ տվեց ակտիվներն ավելացնել 3 անգամ, մինչև 283.5 մլրդ.դրամ: Արդյունքում, վարկային պորտֆելի բաժինը բանկի ակտիվներում ավելացել է 68% -ից մինչեւ 77%: Բանկի զուտ շահույթը 2016-ին ավելացրել է 5,3 անգամ` մինչեւ 1,2 մլրդ դրամ: (31.12.2016 դրությամբ դրամի հաշվարկային փոխարժեքը` 483,94 դրամ/1դոլար):
Հիշեցնենք, որ «Անելիք Բանկը» շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: 2016 թվականի նոյեմբերին իրականացված լրացուցիչ թողարկմից հետո Բանկի բաժնետերերի կազմը փոխվեց, միացավ կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, 59.68% բաժնեմասով, ինչը նվազեցրել նախկին բաժնետերերի մասնաբաժինը, դեմս Լիբանանյան ԿրեդիտԲանկ S.A.L ի, 100%-ից մինչև 40.32%: Բանկի անուղղակի մեծամասնական բաժնետերերն են հանդիսանում ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank S.A.L) և Վարդան Դիլանյանը (FISTOCO ՍՊԸ):