Արմինֆո. «ԳեոՊրոՄայնինգ» դիվերսիֆիկացված միջազգային հանքարդյունաբերական ընկերությունների խումբը («GPM» կամ «Ընկերություն»), Հայաստանում ընկերության ներկայացվածության 10-ամյա հոբելյանի կապակցությամբ, ինչպես նաև «Հանքագործի և մետալուրգի» մասնագիտական տոնի առթիվ կանցկացնի մի շարք տոնական միջոցառումներ:
Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերոթւյան մամուլի ծառայությունից, հուլիսի 13-14-ը Վարդենիս, Արարատ և Ագարակ քաղաքներում (Հայաստանի այն քաղաքներում, որտեղ ընկերությունը գործունեություն է իրականացնում) կանցկացվեն ընկերության աշխատակիցներին և երկարամյա գործընկերներին պատվոգրերով և հուշամեդալներով պարգևատրելու արարողություններ: Լավագույն աշխատակիցները կպարգևատրվեն մրցանակներով: Ընկերությունն` իր սոցիալական քաղաքականության շրջանակում, ըստ կարիքի` համայնքներին կնվիրի տարբեր նշանակության տեխնիկա:
«Իմ մանկության քաղաքը» մանկական փառատոնի շրջանակում վերոնշյալ քաղաքներում կկազմակերպվի մանկական ժամանցային ծրագիր, որտեղ կմասնակցեն սիրված մուլտֆիլմերի, հեքիաթների հերոսներ, մոդերատորներ, ծաղրածուներ և աճպարարներ, ովքեր երեխաներին կզվարճացնեն խաղերով և մրցույթներով: Տեղի արվեստի դպրոցների աշակերտները կպատրաստեն նկարներ «Իմ մանկության քաղաքը» թեմայով: Կանցկացվեն համերգներ, որոնց ընթացքում ելույթներ կունենան տեղի երգի և պարի դպրոցների սաները: Լավագույն աշխատանքների հեղինակները նվերներ կստանան ընկերության կողմից: Միջոցառումները` վերոնշյալ քաղաքներում, կավարտվեն տոնական համերգով հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ:
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության համար բարի ավանդույթ է դարձել՝ նշել «Հանքագործի և մետալուրգի» օրը: Կարևորելով այս մասնագիտությունը, Հայաստանում մենք արդեն երրորդ տարին է՝ նշում ենք այն միասին: Այս տարի նաև նշում ենք Ձեր երկրում մեր ընկերության 10-ամյա գործունեության հոբելյանը: Սա բավականին տպավորիչ ժամանակաշրջան է, որի ընթացքում մենք միասին վերապրել ենք և՛ ճգնաժամեր, և՛ վերելքներ, բայց արդյունավետորեն աշխատել ենք և միասին ստեղծել ենք բազմաթիվ դրական բաներ:
«Վստահ եմ, որ հաջորդ տասնամյակը կլինի նոր վերելքի ժամանակաշրջան ի բարօրություն երկրի և մեզ բոլորիս: Շնորհավորում եմ Ձեր մասնագիտական տոնի առթիվ և մաղթում նորանոր նվաճումներ, քաջառողջություն և երջանկություն», - իր շնորհավորական խոսքում նշել է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլին:
2001 թվականին հիմնադրված «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ոսկու և այլ մետաղների ռեսուրսային բազայով դիվերսիֆիկացված միջազգային մասնավոր ընկերություն է: Հայաստանում ընկերությանն է պատկանում՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը և «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը և Արարատի ոսկու կորզման գործարանը:-