Արմինֆո. «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի Երևան-Արտաշատ ճանապարհահատվածում ճաքեր են հայտնաբերվել: Այդ մասին հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստից հետո՝ ընդգծելով, որ իսպանական «Corsan Corviam» շինարարական ընկերության հետ սպասարկման պայմանագիրը դեռ չի վերջացել, ինչի առնչությամբ նախարարությունը պահանջել է վերականգնում:
Մինչդեռ իսպանական ընկերությունը Հայաստանում, ավելի ստույգ՝ երկրի ճանապարհաշինության ոլորտում վաղուց «լավ համբավ» է ձեռք բերել:
Ավելի վաղ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ իսպանական շինարարական ընկերությունն իսկական չարիք է դարձել «Հյուսիս-Հարավե ավտոմայրուղու համար: Նրա խոսքով, իրեն հասել են լուրեր, որ ավտոմայրուղու շինարարությունը ձգձգվում է իսպանական ընկերության ֆինանսական խնդիրների պատճառով: «Դրանով զբաղվում է իսպանական ընկերությունը, որը չարիք է դարձել այս գործում՚,-հայտարարել էր նախկին վարչապետը՝ ընդգծելով նաև, որ Արարատի ճանապարհը նույնպես մինչ օրս պրոբլեմների մեջ է և սարքվել է անորակ: «Կա՞ն արդյոք պրոբլեմներ այդ ընկերության, և չգիտեմ էլ ում հետ, ասում են փող չկա, զբաղվեք այդ հարցով՚,-հանձնարարել էր Աբրահամյանը: Մինչդեռ ԶԼՄ-ներում տեղեկություններ է հայտնվել այն մասին, որ «հայկական ավանդական «կոռուպցիոն գործունեության պատճառով իսպանացիները դժվարանում են իրականացնել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները և որոշել են հեռանալ Հայաստանից։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ իսպանական ընկերության դեմ քրեական գործ է հարուցվել, ինչը հաստատել են ֆինանսների նախարարությունում՝ հայտնելով, որ «2014թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ «ԿՈՐՍԱՆ-ԿՈՐՎԻԱՍ ԿՈՆԱՏՐՈՒԿՑԻՈՆե բաժնետիրական ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ»։
Այնուամենայնիվ, այսօր ՏԿՏՏՆ նախարարը հավաստիացրել է, որ շինարարական ընկերության աշխատանքների որակը դժգոհության տեղիք չի տալիս:
Նշենք, որ հունիսի 27-ին ՀՀ խորհրդարանում ընթացող բյուջետային լսումների ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը հայտարարել էր, որ «Հյուսիս - Հարավ» ավտոմայրուղին կառուցվում է արագ տեմպերով: Ըստ նրա, նախատեսված 17.3 մլրդ. դրամի փոխարեն իրացվել է 24 մլրդ. դրամ: Առաջին տրանշի (Տրանշ 1) աշխատանքները նախատեսված են Երևան - Արտաշատ և Երևան – Աշտարակ հատվածների համար և գրեթե ամբողջությամբ ավարտվել են, Աշտարակ – Թալին հատվածում (տրանշ 2) աշխատանքները ներկայումս ընթանում են: Թալին-Գյումրի երրորդ հատվածում (Տրանշ 3) տեղի են ունենում հողային աշխատանքներ և բետոնե փորձնական երեսարկումը:
Հիշեցնենք, 556 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող «Հյուսիս–Հարավ» միջանցքը ելք կապահովի դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։ 1 մլրդ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրն նպատակաուղղված է Հայաստանի հյուսիսի (Վրաստանի հետ սահմանում) և հարավի (Իրանի հետ սահմանում) կապի ապահովմանը տրանսպորտային այնպիսի հաղորդակցությունների միջոցով, որոնք բավարարում են միջազգային բարձր չափանիշներն ու ելք են ապահովում դեպի համաշխարհային շուկաներ։ Ավտոճանապարհը կունենա բետոնե ծածկույթ: Նախագծի իրագործման համար Հայաստանը 500 մլն դոլարի վարկ է ներգրավել Ասիական զարգացման բանկից: Եվս 150 մլն դոլար կտրամադրի Եվրասիական զարգացման բանկը: Հայկական կողմը նախագծի իրացման համար նաև 60 մլն դոլար է ներգրավել Եվրոպական ներրդումային բանկից: Միջանցքի շինարարությունը նախատեսվում է լիովին ավարտել 2019 թվականին: «Հյուսիս-Հարավ» ծագրի առնչությամբ Հայաստանի կառավարությունը հաշվարկել է 2,5 դոլարի խնայողություն յուրաքանչյուր ուղևորի մեկ ժամվա երթևեկության և 1-ական դոլարի խնայողություն 1 տոննա բեռի փոխադրման 1 ժամվա համար: Ինչպես ակնկալում են Հայաստանի իշխանությունները, ծրագիրը թույլ կտա ապագայում մեղմել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման հետևանքները, ստանձնել տարանցիկ պետության դեր տարածաշրջանի երկրների բեռանփոխադրումներում, ինչպես նաև միանալ Սևծովյան օղակաձև ավտոմայրուղուն: