Արմինֆո. Լեհական ընկերությունը շահագրգռված է Հայաստանի թռչնաբուծության ոլորտում ներդրումային ծրագրի իրականացմամբ: Այդ մասին հայտարարել է լեհական SAR ընկերության խորհրդի նախագահ Յաչեկ Ժոզեֆչուկը` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի (ՏԶՆՆ) տեղակալ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ, որին ներկա է գտնվել ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին:
Ինչպես հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը, Յ. Ժոզեֆչուկը նշել է, որ իրենք Հայաստանում են երկու նպատակով` քննարկելու Հայաստանում թռչնաբուծություն ոլորտում ներդրումային ծրագիր իրականացնելու հնարավորությունը և Հայաստանում ներկայացնելու էքսկլյուզիվ էներգետիկ խմիչքների արտադրությամբ զբաղվող Power end gold SAR ընկերության արտադրանքը, որը հանդիսանում է պրեմիում դասի ըմպելիք և պատրաստված է բնական հումքով:
Թռչնաբուծություն ոլորտում ներդրումային ծրագիրն իր մեջ ներառում է լեհական կողմից 80 տոկոսի ներդրում, մնացած 20 տոկոսը տեղական գործընկերոջ կողմից: Սա կոմպլեկտ համակարգված ծրագիր է` սկզբից մինչև վերջ և իր մեջ ներառում է կերի ատադրություն, ֆերմա` հավաբներով, սպանդանոց, հավի մասնատում, վերարտադրություն, երշիկեղենի արտադրություն: Կերի արտադրության համար նախատեսվող հումքի 80 տոկոսը ևս պետք է լինի տեղական: Ընդ որում, որպեսզի առաջացած թափոնները չկորչեն, առաջարկվում է բիոգազային համակարգի ստեղծում: Ներդրումները կարելի է սկսել 25 մլն դոլարից և ավելի բարձր ներդրումներ կատարել:
Նշելով, որ լեհական ընկերության համար Հայաստանը արտահանման երեք շուկաներ է բացում` ռուսական, իրանական և չինական, լեհական կողմն առաջարկել է քննարկել նաև նոր գործարանի ստեղծման պարագայում այն Իրանի հետ սահմանակից` ազատ տնտեսական գոտու տարածքում տեղակայելու հնարավորությունը:
Տ.Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին և վստահեցրել, որ առաջարկը կգտնվի նախարարության ուշադրության կենտրոնում և կարվի հնարավորինը այն իրականություն դարձնելու համար:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել հանդիպում հայկական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ժամանակ լեհական կողմը կներկայացնի ամբողջ բիզնես ծրագիրը: