Արմինֆո. ՀՀ կառավարությունը «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին թույլատրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ բաժնետոմսերը գրավադրել Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ) և ՎԶԵԲ-ից վարկեր ներգրավելու նպատակով: Որոշումը կայացվել է կառավարության հուլիսի 27-ի նիստում:
Ըստ նախագծի, որը հրապարակված է գործադիր մարմնի կայքում, կգրավադրվի ՀԷՑ բաժնետոմսերի 69.9999594% (172496 բաժնետոմս):
Նշենք, որ «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի 100% սեփականատերը: Ավելի վաղ, Երևանում կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը տեղեկացրել էր, որ ներդրումների ծրագրի ընդհանուր արժեքն առաջիկա 5 տարիաների համար կկազմի 200 մլն.դոլար, որից 80-ական մլն.դոլարը կտրամադրեն ԱԶԲ-ն և ՎԶԵԲ-ը:
Այս տարվա հուլիսի սկզբին ԱԶԲ Տնօրենների խորհուրդը հաստատեց վարկային ծրագիրը, որով նախատեսվում է «Հայաստանի էլեկտրական ցանցերը» - ին տրամադրել $ 80 մլն. վարկ: Միջոցները կուղղվեն բաշխիչ ցանցերի բարելավմանը և էներգետիկ անվտանգության բարձրացմանը: Ներդրումները կնպաստեն էլեկտրաէներգիայի բաշխմանը մասնավոր հատվածում, ինչպես նաև մինչև 2021 թվականը կորուստների նվազեցմանը համակարգում`ներկայիս 10%-ից մինչև 8%: Ծրագիրը հնարավորություն կտա բարելավել էլեկտրաէներգիայի բաշխման վիճակը Հայաստանում, կրճատել էներգիայի կորուստները և գործառնական ծախսերը:
Նշենք, որ ընթացիկ տարվա հուլիսի 3-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ստացավ որակի միջազգային անկախ ISO 9001.2015 սերթիֆիկատ: Սերթիֆիկացված աուդիտն անցկացրեց TUV Rheinland ընկերությունը, որն անկախ փորձագիտության ոլորըի համաշխարհային առաջատարն է և սերտիֆիկացման համակարգերի կառավարման խոշորագույն միջազգային ընկերություններից մեկը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունն ստեղծվել է 2002թ. մայիսին չորս պետական տարածաշրջանային էլեկտրաէներգիայի բաշխման և իրացման ցանցերի («Երևանի էլեկտրական ցանցեր», «Հյուսիսային էլեկտրական ցանցեր», «Հարավային էլեկտրական ցանցեր» և «Կենտրոնական էլեկտրական ցանցեր») միաձուլման արդյունքում: Ընկերությունը հիմնականում զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ: Ցանցերի ընդհանուր երկարությունը կազմում է 36 հազ. կմ: Ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի էլեկտրաէներգիայի բաշխման բացառիկ արտոնագիր: Էլեկտրաէներգիայի բաշխումն իրականացվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատագրված սակագներով: Ընկերությունը սպասարկում է մոտ 985 000 սպառողի: