Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում անդրադարձել է զբոսաշրջության ոլորտում լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտությանը և նշել. «Վերջին ամիսներին Հայաստանում արձանագրվել է զբոսաշրջիկների և ավիափոխադրումների շեշտակի աճ: Միաժամանակ, չնայած դրական արդյունքին, դեռևս առկա է զբոսաշրջության ոլորտում լրացուցիչ խրախուսող և խթանող համալիր միջոցառումների անհրաժեշտություն»:
Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարին և Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել ըստ երկրների Հայաստան ժամանող անձանց համար վիզային ռեժիմի լրացուցիչ ազատականացման կամ պարզեցման հնարավորությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ։ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն էլ 1-ամսյա ժամկետում կմշակի և կառավարության աշխատակազմ կներկայացնի ըստ զբոսաշրջության զարգացման միտումների՝ Հայաստանի ավիափոխադրումների շուկայի ծավալի, աշխարհագրության ընդլայնման, ինչպես նաև ավիատոմսերի գնային առաջարկների բարելավմանն ուղղված համալիր առաջարկություններ:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում օտարերկրյա քաղաքացիների Հայաստան կատարած այցելությունների թիվը գերազանցել է 1.3 միլիոնը, տարեկան աճը`24.3%: Հայաստան կատարած այցելությունների թվով առաջին եռյակում են Ռուսաստանը, Վրաստանը և Իրանը: Հաշվետու ժամանակահատվածում ռուսաստանցիների այցելությունների թիվն աճել է 33,7%, մինչև 241 հազար: Երկրորդ տեղում է Վրաստանը` 151 հազար, տարեկան աճը`11%: Եռյակը եզրափակում է Իրանը`89.8 հազարի, տարեկան աճը`27.4%: Մասնավորապես, լավագույն տասնյակում են`ԱՄՆ քաղաքացիները (17,5 հազար), Ուկրաինան (12,7 հազ.), Ֆիլիպինները (10.9 հազ.), Գերմանիան (7.8 հազ.), Ֆրանսիան (7,6 հազ.), Հնդկաստանը (4.3 հազ.) և Լեհաստանը (4.3 հազար): Թիրախային շուկաների առումով Զբոսաշրջության պետական կոմիտեն
նշել է Ռուսաստանի Դաշնությունը, Իրանը, Պարսից ծոցի պետությունները և Արևմտյան Եվրոպան, որոնք հետ Հայաստանն ունի ուղիղ չվերթներ: Համաձայն կառավարության մինչև 2020 թ. ծրագրի, Հայաստանը մտադիր է տարեկան ապահովել զբոսաշրջիկների 3 մլն. այցելություն: