Արմինֆո. HSBC-ն արժանացել է Euromoney ամսագրի «Աշխարհի լավագույն բանկ» 2017թ. գերազանցության մրցանակին, որը ֆինանսական ծառայությունների ոլորտում ամենապատվավոր մրցանակներից է: Euromoney մրցանակները շնորհվում են` հաշվի առնելով հետևյալ չափանիշները՝ ծառայությունների մակարդակը, ֆինանսական գործունեությունը և բանկային ոլորտում գրանցված այլ ձեռքբերումները:
Այս տարի կազմակերպիչները ստացել են մոտ 1,500 դիմում աշխարհի տարբեր բանկերի կողմից, որոնք մրցակցեցին համաշխարհային, տարածաշրջանային և ազգային անվանակարգերում մրցանակներին արժանանալու համար: «Աշխարհում լավագույն բանկ» մրցանակը հանձնվեց HSBC-ի Խմբի գլխավոր գործադիր տնօրենին՝ Ստյուարտ Գուլիվերին, ով նշեց. «Այս մրցանակը հրաշալի կերպով վկայում է HSBC-ի՝ վերջին տարիների ձեռքբերումների մասին: Մրցանակն արտացոլում է մարտահրավերներն ու փոփոխությունները, որոնք մենք հաղթահարել ենք և այն լայնածավալ աշխատանքը, որը պահանջվեց HSBC-ն վերածելու այնպիսի առաջատար բանկի, ինչպիսին է այն այսօր: Մեր գործադրած ջանքերն այժմ տալիս են իրենց արդյունքները»: Euromoney ամսագրի ներկայացուցիչն իր հերթին նշեց. «HSBC-ն այժմ առավել լավ դիրքերում է, քան երբևէ՝ օգուտներ քաղելու արտասահմանյան կապիտալի և առևտրային հոսքերի ֆինանսավորման առանցքային արժեք ներկայացնող իր առաջարկներից: HSBC-ն բացառիկ միջազգային բիզնես է, որը կարող է շարունակել ներդրումների դիմաց նպաստավոր վերադարձ ապահովել բաժնետերերի համար և օգնել իր հաճախորդներին իրագործելու իրենց նպատակները միջազգային շուկաներում»: HSBC-ն արժանացել է նաև «Զարգացող շուկաներում աշխարհի լավագույն ներդրումային բանկ» կոչմանը, ինչպես նաև՝ ինը տարածաշրջանային և ազգային այլ մրցանակների: HSBC-ի գլոբալ բանկային ծառայությունների և շուկաների գծով գլխավոր գործադիր տնօրենը՝ Սամիր Ասաֆը, նշում է. «Այս մրցանակն արտացոլում է մեր միջազգային թիմի կողմից իրականացրած ահռելի աշխատանքը: Մենք մատուցում ենք ֆինանսավորման, խորհրդատվական և շուկայական առաջնակարգ ծառայություններ տարբեր երկրներում՝ օգնելով մեր հաճախորդներին օգտվել միջազգային հնարավորություններից: Այսօր մեր գլոբալ բանկային ծառայությունների և շուկաների եկամուտների ավելի քան կեսը գոյանում է արտասահմանյան գործունեությունից, և մեր շարունակական հաջողությունն ապահովելու գործում առանցքային դեր ունեն զարգացող շուկաները»: