Արմինֆո. Այլընտրանքային էներգետիկան տվյալ փուլում ի զորու չէ փոխարինել ատոմայինին: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտարարել է ԵՊՀ կառավարման և բիզնեսի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու Կառլեն Խաչատրյանը:
Տնտեսագետի ասելով, էներգիայի վերականգնվող աղբյուրներն առայժմ ի զորու չեն փոխարինել գոյություն ունեցողները: «Այսօր ատոմային էներգետիկան ապահովում է երկրին անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 40%-ը: Էներգիայի ստացման որևէ այլ եղանակ, համենայն դեպս, տվյալ փուլում, ի զորու չէ փոխաինել միջուկային էներգետիկային և ապահովել էներգիայի արտադրության երաշխավորված ծավալ», - հայտարարել է նա:
Այդ համատեքստում, Հայկական ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման ծրագիրը փորձագետը գնահատում է բավականին դրական: «Միջուկային էներգետիկան արդի աշխարհում մնում է էներգիայի ստացման ամենաէժան տեսակը, և, եթե էներգաբլոկը չշահագործվի, էներգիայի գոյություն ունեցող ծավալը պետք է փոխարինվի ՀԷԿ-երից կամ ՋԷԿ-երից ստացվող թանկարժեք էներգիայով, ինչն, իհարկե, կազդի Հայաստանում էլեկտրաէներգիայի արժեքի ձևավորման վրա», - պարզաբանել է Կառլեն Խաչատրյանը:
Այդուհանդերձ, նրա ասելով, էներգիայի համաշխարհային սպառման աճի, վերականգնվող էներգետիկայի ժողովրդայնացման, ինչպես նաև տեխնոլոգիաների զարգացման և հենց նույն արևային մարտկոցների նախնական արժեքի նվազման պատճառով իրավիճակը կարող է փոխվել: «Հնարավոր է, որ 10 տարվա ընթացքում էներգիայի այլընտրանքային աղբյուրները` քամին, արևն ու կենսավառելիքն, ավելի լուրջ դեր խաղան երկրի էներգամատակարարման գործում», - ամփոփել է տնտեսագետը:
Հիշեցնենք, որ ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի համակարգումն իրականացնում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի դուստր կառույց «Ռուսատոմ սերվիս» ԲԸ, որը հայ փորձագետների հետ պայմանավորվել էր աշխատել ԱԷԿ շահագուրծման ժամկետը մինչև 2026 թիվը երկարաձգելու նախագծի իրագործման ուղղությամբ: Նախատեսվում է այդ աշխատանքներն ավարտել 2019 թվականին: