Արմինֆո. Հայաստանը պատրաստ է քննարկել գյուղատնտեսության բնագավառում հայ-իրանական հարաբերությունների ակտիվացմանն ուղղված առաջարկութուններ: Այդ մասին ԻՐՆԱ լրատվական գործակալությանը հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Մասնավորապես, ինչպես նշել է Սարգսյանը, հայկական կողմը փոխգործակցության իրական հեռանկարներ է տեսնում բուսաբուծության, անասնաբուծության, ձկնաբուծության և վերամշակող արդյունաբերության ոլորտներում։
Օտարերկրյա ներդրողների հանդեպ Հայաստանն իրականացնում է բաց դռների քաղաքականություն` չկիրառելով գրեթե ոչ մի սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ, միաժամանակ ապահովելով ներդրումների լիակատար օրենսդրական պաշտպանություն: Ավելին, ինչպես հիշեցրել է պետության ղեկավարը, Հայաստանում այսօր ձևավորվել է արտահանման ներուժ ունեցող ոլորտներում ներդրումները խթանելու գործուն համակարգ, որի գործիքակազմ են հանդիսանում՝ ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող սարքավորման և հումքի նկատմամբ կիրառվող հարկային և մաքսային արտոնությունները, հայ-իրանական համատեղ ձեռնարկությունների հիմնման դեպքում շրջանառու կապիտալի ֆինանսավորման հնարավորությունը՝ ինչպես նախաարտահանման, այնպես էլ արտադրանքի համատեղ արտահանման փուլերում: «Իրանական ընկերությունների կողմից խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման դեպքում Հայաստանը պատրաստ է քննարկել վերջիններիս հավելյալ արտոնությունների տրամադրման հարցը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2017-ի առաջին կիսամյակում կազմել է 1363.5 մլրդ դրամ (2815,1 մլն դոլար), տարեկան աճը`24%: Հաշվետու շրջանում Իրանի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է $114,4 մլն՝ 0,4% տարեկան աճով: Ըստ որում, արտահանումը կազմել է $34,7մլն, անկումը՝ 9,3%, ներմուծումը՝ $79,7 մլն՝ 5,3% աճով: