Արմինֆո. «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում ս.թ. օգոստոսի 11-ի դրությամբ շահառուներին տրամադրվել է 46 միավոր տրակտոր և 36 միավոր այլ գյուղտեխնիկա:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այս պահի դրությամբ ծրագրում ընդգրկված են «ՓՄՁ ներդրումներ», «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ները և «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպությունը:
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ,հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ, սրսկիչներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա: Գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են` 20% կանխավճար, տարեկան 2% լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից:
ԱրմԻնֆո ԼԳ պատրաստած «Հայաստանի բանկերի և վարկային ընկերությունների ֆինանսական վարկանիշի» տվյալներով, 30.06.2017թ. դրությամբ լիզինգային գործառնությունների ընդհանուր ծավալը կազմել է 15.6 մլրդ դրամ, որի առյուծի բաժինը պատկանում է ACBA Leasing-ին` 12.3 մլրդ դրամ: 30.06.2016 թ. դրությամբ լիզինգային գործառնությունների ընդհանուր ծավալն ավելի քան 16.5 մլրդ դրամ էր, որից ACBA Leasing-ին բաժին էր ընկնում 12.6 մլրդ դրամ: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ լիզինգային գործառնությունների միագումար ծավալը կազմել է 16.7 մլրդ դրամ, այդ թվում ACBA Leasing-ինը` 13.1 մլրդ դրամ: 2016 թվականին լիզինգային գործառնությունների ընդհանուր ծավալն ավելացել է 10%-ով, ընդ որում, միայն ACBA Leasing-ի պորտֆելն ավելացել է 11%-ով: Հայաստանի բանկերից լիզինգային գործառնություններ են իրականացնում Ամերիաբանկը, Արարատբանկը, «Կոնվերս Բանկը» և «ՎՏԲ Հայաստան Բանկը», իսկ լիզինգային ընկերությունները երեքն են` ACBA Leasing-ը, Ագրոլիզինգը և Յունիլիզինգը: ACBA Leasing-ի լիզինգային գործառնությունների ծավալն արտացոլված է ACBA-Credit Agricole բանկի կոնսոլիդացված հաշվեկշռում: