Արմինֆո. Իրանի հետ Ազատ տնտեսական գոտի ստեղծելու ժամկետներում որոշակի հստակությունը կմտնի Իրան այցից հետո, օգոստոսի 21-ին Ծաղկաձորում լրագրողներին հայտարարել է ՀՀ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով, արդեն նոյեմբերի վերջին կձևավորվի որոշակի հարթակ: «Այդ հարցում մենք շատ բաների միջով ենք անցել՝ և հաջող բանակցություններ, և անհաջող բանակցություններ: Բայց հարթակ միանշանակ կստեղծվի, և ավելի հստակ հարցը կքննարկենք մոտ ժամանակներս Իրան այցի ընթացքում»,- հայտարարել է Կարապետյանը:
Օգոստոսի 17-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի խորհրդական, Առևտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանը ստորագրել են համագործակցության հուշագիր։ Հուշագրի նպատակն է սահմանել Հայաստանի և Իրանի միջև ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես ապահովել «Մեղրիե ազատ տնտեսական գոտու և «Արասե տնտեսական հատուկ գոտու առաջմղումն և սերտ փոխգործակցությունը վերջիններիս զարգացման նպատակով։ Ի թիվս այս նպատակների՝ հուշագրի համաձայն՝ կհաստատվեն կապեր «Մեղրիե ազատ տնտեսական գոտու և «Արասե հատուկ տնտեսական գոտու տարածքներում գործունեություն իրականացնող ընկերությունների, ինչպես նաև գոտիները կառավարող մարմինների և պետական գերտեսչությունների միջև։ Նախատեսվում է գործուն աջակցություն երկկողմ և բազմակողմ գործարար միջոցառումների և ցուցահանդեսների կազմակերպմանը «Մեղրիե ազատ տնտեսական գոտու և «Արասե հատուկ տնտեսական գոտու տարածքներում։
Հիշեցնենք, որ կառավարությունը մարտի 30-ի նիստում ընդունել էր «ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքային, Կարճևան գյուղական համայնքների և Արաքս գետով պարփակված տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «Սյունիք ազատ տնտեսական գոտի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներակայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին» որոշում:
Հայաստանի և Իրանի միջև առևտրի ազատ գոտու ստեղծման ծրագիրը գնահատվում է 28 մլն դոլար, իսկ հաշվի առնելով ընթացիկ ծախսերը՝ ընդհանուր գումարը կարող է կազմել շուրջ 32 մլն դոլար: Տասնամյա հեռանկարում, համաձայն ներդրումային ծրագրի, ակնկալվում է, որ ԱՏԳ կազմակերպող ընկերության շահույթը կկազմի 52 մլն դոլար: Ըստ կանխատեսումների, 10 տարում կներգրավվի 120 ընկերություն, որոնք տարեկան կարտահանեն 80-100 մլն դոլարի ապրանք: Նպատակային ուղղությունները կլինեն Իրանը, Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրները: