Արմինֆո. Fitch-ն Ամերիաբանկի վարկային վարկանիշը պահպանել է «B+» մակարդակում` «Կայուն» կանխատեսմամբ: Ինչպես նշված է Fitch Ratings օգոստոսի 23-ի մամուլի հաղորդագրությունում, դա երկարաժամկետ վարկանիշն է օտարերկրյա և ազգային արժույթով, իսկ օտարերկրյա և ազգային արժույթով կարճաժամկետ վարկանիշը պահպանվել է «B» մակարդակում:
Բանկի գործունեության արդյունավետությունը, կապիտալն ու իրացվելիությունն աչքի են ընկնում հաշվեկշռվածության բարձր աստիճանով, ինչին նպաստում են Հայաստանի տնտեսության վերականգնումն ու դրամի կայունությունը, կարծում են Fitch-ի վերլուծաբանները: Սակայն նրանք, ընդսմին, նշում են, որ գերակշռող դոլարային վարկերի մեծ կենտրոնացումը հաշվեկշռում ստեղծում է ռիսկեր:
ԱրմԻնֆո ԼԳ պատրաստած «Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի» տվյալներով, Ամերիաբանկն առաջատար է ընդհանուր կապիտալի, ակտիվների, վարկային ներդրումների, պարտավորությունների, միջազգային կառույցներից միջոցների ներգրավման գծով: Բացի այդ, Ամերիաբանկը երկրորդ տեղն է զբաղեցնում կանոնադրական կապիտալի, արժեթղթերում ներդրումների և զուտ շահույթի գծով: Բանկը երրորդ տեղն է զբաղեցնում ժամկետային ավանդների գծով, ընդ որում` ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց: 2017թ. հուլիսի 1-ի դրությամբ Ամերիաբանկի ընդհանուր կապիտալը կազմել է 67.8 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը`39.8 մլրդ դրամ, ակտիվները` 653.3 մլրդ, վարկային ներդրումները` 419.9 մլրդ (ակտիվների 64,3%), արժեթղթերում ներդրումները` 67.3 մլրդ (այդ թվում` պետական պարտատոմսերում` 58.3 մլրդ), պարտավորությունները` 585.5 մլրդ, ժամկետային ավանդները` 200.6 մլրդ, ցպահանջ ավանդները` 185.4 մլրդ, միջազգային կառույցներից ներգրավումները` 154.8 մլրդ դրամ: Բանկի վրակային ներդրումներն ավելացել են տարեկան կտրվածքով 20,7%` ապահովելով ակտիվների 25,1% տարեկան աճ: Բանկում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն ավելացել են տարեկան կտրվածքով 18,7%, իսկ ցպահանջ ավանդները` մոտ երկու անգամ (առավելապես` իրավաբանական անձանց միջոցները): Ամերիաբանկն առաջին կիսամյակն ավարտել է 3.3 մլրդ դրամ զուտ շահույթով` 55,8% տարեկան աճով: Բանկը չափազանց ակտիվ է կորպորատիվ պարտատոմսերի թողարկման առումով. Nasdaq OMX Armenia բորսայում այսօրվա դրությամբ արժենշվում են Ամերիաբանկի 5 թողարկման պարտատոմսեր` 2.5 մլրդ դրամի երկու թողարկում և 35 մլն դոլարի երեք թողարկում, և դրանք բոլորն արժենշվում են, հիմնականում, բորսայի Abond ցուցակում:
Հավելենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ` բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: Բանկն արժանացել է պագրևների Global Finance-ից (2016, 2015, 2013, 2012 թթ.), The Banker/FT-ից (2016, 2015, 2013, 2010 թթ.), Euromoney-ից «Գերազանցություն» մրցանակ (2017, 2016, 2014, 2012, 2011թթ.): Որպես բանկի բաժնետերեր հանդես են գալիս «Ամերիա Գրուպը»` 65,8%, EBRD` 20,7%, ESPS Holding Limited` 13,5%. (30.06.17թ. դրությամբ դրամի հաշվարկայի փոխարժեքը 480,47 դրամ/1դոլար էր):