Արմինֆո. Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի (USDA) արտաքին գյուղատնտեսական ծառայության կարողությունների ուժեղացման և զարգացման գրասենյակի ծրագրի ղեկավար Կլեմեն Գելհարի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման նպատակն էր քննարկել USDA-ի օժանդակությամբ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում վերջին տարիներին իրականացվող ծրագրերը և նախանշել հիմնադրամի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները:
Ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը, ընթացիկ և առաջիկա ծրագրերը՝ Գեղամ Գևորգյանն ընդգծել է, որ այն միտված է ագրարային ոլորտի առավել արդյունավետ կառավարմանը, որը նախատեսվում է իրականացնել պետության և մասնավոր հատվածի միասնական քաղաքականության ներքո:
Անդրադառնալով ոլորտի խնդիրներին` հիմնադրամի գործադիր տնօրենը տեղեկացրել է, որ հանրապետության գյուղատնտեսության ոլորտում աստիճանաբար ներդրվելու են ժամանակակից տեխնոլոգիաներ: Մասնավորապես, իրականացվելու է աշխարհագրական թվայնացված համակարգի (ԱԹՀ) ներդրման ծրագիրը, որով կկատարվի տիեզերական պատկերների վերլուծություն, վնասների գնահատում, գյուղատնտեսության ոլորտում առկա տվյալների հավաքագրում, ինչն իր հերթին հնարավորություն կընձեռի վնասները գնահատել առավել օպերատիվ և ճշգրիտ:
Հիմնադրամի տնօրենը կարևորել է նաև Գյուղդեպարտամենտի աջակցությամբ Հայաստանում հիմնադրված Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի (ATC) ու Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի (CARD) գործունեությունը:
Պատվիրակության ղեկավար Կլեմեն Գելհարն իր հերթին ընդգծել է ԱՄՆ Գյուղդեպարտամենտի պատրաստակամությունը շարունակել աջակցություն ցուցաբերել Հայաստանում ագրարային ոլորտի բարելավման ու հետագա զարգացման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում կողմերի միջև ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |