Արմինֆո. Օգոստոսի 30-ի դրությամբ «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման» ծրագրին մասնակցելու համաձայնություն են տվել հետևյալ բանկերը և վարկային կազմակերպությունները. «ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ, «Ամերիաբանկ» ՓԲԸ, «Արարատբանկ» ԲԲԸ, «Արդշինբանկ» ՓԲԸ, «Արմսվիսբանկ» ՓԲԸ, «Ինեկոբանկ» ՓԲԸ, «Կոնվերս բանկ» ՓԲԸ, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, «Պրոմեթեյ բանկ» ՓԲԸ, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ, «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագրից օգտվելու նպատակով պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերությունները կարող են համագործակցել նշված բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ և մինչև 2017թվականի հոկտեմբերի 1-ը գյուղացիական տնտեսությունների հետ կնքել համապատասխան պայմանագրեր` ըստ բերքի գնման պայմանագրի օրինակելի ձևի:
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում տարեկան առավելագույնը մինչև 12 տոկոս անվանական տոկոսադրույքով տրամադրվող նպատակային վարկերի մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվելու է, ինչի արդյունքում վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմելու է 3 տոկոս: Յուրաքանչյուր ընկերությանը տրամադրվող վարկի առավելագույն գումարը կկազմի 150.0 մլն դրամ:
ԱրմԻնֆո-ի պատրաստած «Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի» տվյալներով, 2017թ. հուլիսի 1-ի դրությամբ գյուղատնտեսական վարկերի ընդհանուր գումարը կազմել է 161.3 մլրդ դրամ (335.8 մլն դոլար)` 1% տարեկան աճով: Բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելում գյուղատնտեսական վարկերի բաժինը գերազանցում է 6%-ը: Մյուսներից մեծ տարբերությամբ գյուղատնտեսական վարկերի գծով առաջատարը մնում է ACBA Credit- Agricole Bank-ը (գյուղատնտեսական վարկերի շուկայի ավելի քան 40%), առաջատար հնգյակում են նաև Ամերիաբանկը, Հայբիզնեսբանկը և Արմսվիսբանկը: «Կոնվերս Բանկը» 6-րդ տեղում է, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը` 10-րդ, հետո գալիս են ԻՆԵԿՈԲԱՆԿ-ը, Հայէկոնոմբանկը, Արդշինբանկը և «Պրոմեթեյ բանկը»: «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ վարկային ներդրումների ծավալը հուլիսի 1-ի դրությամբ հասել է 6.1 մլրդ դրամի, իսկ «Քարդ Ագրոկրեդիտ» ՈՒՎԿ` 5.8 մլրդ դրամ: (30.06.17 դրությամբ դրամի հաշվարկային փոխարժեքը` 480,47 դրամ/1դոլար):