Արմինֆո.Իրանի հետ սահմանին Մեղրիի ազատ տնտեսական գոտին կգործարկվի առաջիկա նոյեմբերին: Այդ մասին հաղորդել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` օգոստոսի 31-ին կառավարության նիստից հետո պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին: Նախարարը հիշեցրել է, որ վերջերս նախարարության հրավերով Հայաստան էր այցելել Իրանի նախագահի գլխավոր խորհրդականը, որը նաև Իրանի բոլոր ԱՏԳ-ների խորհրդի նախագահն է, և ստորագրվեց հուշագիր աշխատանքային խմբի ստեղծման և Մեղրիի ԱՏԳ և ԻԻՀ «Արասի» միջև համագործակցության շուրջ: Նախարարի ասելով, հուշագիրը թույլ կտա ավելի սերտ համագործակցություն հաստատել երկու երկրների ԱՏԳ-ների միջև: «Արդեն նոյեմբերին նախատեսում ենք մեկնարկել Մեղրիի ԱՏԳ գործունեությունը», - պարզաբանել է Կարայանը:
Օգոստոսի 21-ին Հայաստանի կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը հաղորդել էր, որ Իրանի հետ ԱՏԳ ստեղծման ժամկետի հարցում որոշակիություն կլինի Իրան այցից հետո: Նրա ասելով, արդեն նոյեմբերի վերջին կձևավորվի որոշակի հարթակ: «Այդ հարցում մենք շատ բանի միջով ենք անցել` թե հաջողված, թե անհաջող բանակցություններ: Սակայն հարթակը, միանշանակ, կստեղծվի, և հարցն ավելի որոշակիորեն կքննարկենք առաջիկայում` Իրան այցի ընթացքում», - հայտարարել էր Կարապետյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն օգոստոսի 3-ի նիստում հաստատել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից ներկայացված՝ «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու մասին որոշումը: Մեղրիի ԱՏԳ-ն, որի գործարկումն ավելի վաղ հայտարարվել էր 2017 թ. հոկտեմբերին: Առաջին փուլում նախատեսվում է կառուցապատել Մեղրիի մաքսային կետին հարակից տարածքը՝ ապահովելով հիմնական արտադրական և պահեստային տարածքները, ինչը հնարավորություն կտա անխոչընդոտ մուտք գործել դեպի իրանական շուկա։ Դրան կհաջորդի ԱՏԳ ընկերությունների ներգրավումը և համապատասխան արտոնությունների տրամադրումը: Ընդհանուր առմամբ այդ նախաձեռնությունը հարկավոր է դիտարկել տարածածրջանային զարգացման, մասնավորապես՝ Սյունիքի մարզում տնտեսական ակտիվության խթանման համատեքստում, նշել է նա:
Հայաստանի և Իրանի միջև առևտրի ազատ գոտու ստեղծման ծրագիրը գնահատվում է 28 մլն դոլար, իսկ հաշվի առնելով ընթացիկ ծախսերը՝ ընդհանուր գումարը կարող է կազմել շուրջ 32 մլն դոլար: Տասնամյա հեռանկարում, համաձայն ներդրումային ծրագրի, ակնկալվում է, որ ԱՏԳ կազմակերպող ընկերության շահույթը կկազմի 52 մլն դոլար: Ըստ կանխատեսումների, 10 տարում կներգրավվի 120 ընկերություն, որոնք տարեկան կարտահանեն 80-100 մլն դոլարի ապրանք: Նպատակային ուղղությունները կլինեն Իրանը, Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրները: