Արմինֆո. Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում, նախքան օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գինեգործության և խաղողագործության ոլորտի արտահանումների ավելացված արժեքի հարկի վերադարձման ժամկետների վերաբերյալ գործադիրի ղեկավարը նշել է. «Ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ արտադրանքի, ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի վերադարձն իրականացվում է 90 օրյա ժամկետում: Կառավարությունում կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում բարձրացվել էր վերջիններիս կողմից արտահանման դեպքում ավելացված արժեքի հարկի հետ վերադարձման ժամկետի ընդհանուր տևողության հարցը, որոշ դեպքերում այն ֆինանսական դժվարություններ կարող է ստեղծել իրենց համար»:
Այդ նպատակով վարչապետը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարել է 2-օրյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ խաղողի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների կողմից արտահանման դեպքերում ավելացված արժեքի հարկի վերադարձն ավելի կարճ ժամկետներում սահմանելու և կազմակերպելու վերաբերյալ:
Վարչապետը Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարել է ՊԵԿ-ին ներկայացնել արտահանող ընկերությունների ցանկը: Միաժամանակ, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին հանձնարարվել է մթերման ժամանակահատվածում հատուկ ռեժիմ սահմանել: «Մենք նաև մթերողների համար ստեղծել ենք 3 տոկոսանոց դրամային վարկային ռեսուրս, որպեսզի մթերումն իրականացնենք մաքսիմալ արագ և էֆեկտիվ»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում գինու արտադրությունը 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 29,8%-ով և կազմել 3,8 մլն լիտր, կոնյակինը` 60,9%-ով և կազմել է 14 մլն լիտր, իսկ օղու արտադրությունը կրճատվել է 36%-ով և կազմել 2,44 մլն լիտր:
ՀՀ մաքսային ծառայության հաշվետվության համաձայն, 2016 թվականին Հայաստանն արտահանել է 1.8 մլն լիտր գինի` 27,7% տարեկան աճով, ընդ որում մաքսային արժեքն աճել է 43,6%-ով` մինչև 5.9 մլն դոլար:
Առաջին կիսամյակում գինու արտահանումն ավելացել է 61%-ով, մինչև 1271.9 հազար լիտր` մաքսային արժեքի 84,3%, մինչևչ 4.7 մլն դոլար աճի պայմաններում: