Արմինֆո. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի» շրջանակներում իրականացվում են «Հաղթանակ» 220 կՎ, Չարենցավան-3» և «Վանաձոր-1» 110 կՎ ենթակայանների վերակառուցման աշխատանքները:
Ինչպես հաղորդում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը, արդեն մեկնարկել է «Հաղթանակ» ենթակայանի շինարարությունը։ Նախապատրաստական փուլում են «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» ենթակայանների վերակառուցման աշխատանքները։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Վարդան Մարտիրոսյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է բարելավել ցանցի հուսալիությունը, թողունակությունը և նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները:
Նշենք, որ հայտարարված միջազգային մրցույթների արդյունքում վերակառուցման աշխատանքներն իրականացնելու նպատակով կնքվել են գլխավոր կապալառուի պայմանագրեր. «Հաղթանակ» ենթակայանում՝ ռուսական «Kaskad-Energo LLC», «Չարենցավան-3»-ում՝ պորտուգալական «EFACEC Engenharia e Sistemas, S.A.» և
«Վանաձոր-1»-ում՝ չինական «Xian Electric Engineering Co., Ltd» ընկերությունների հետ։
Ենթակայանների վերակառուցման աշխատանքների վերահսկողության խորհրդատվությունն իրականացնում է գերմանական «Decon international GmbH/Consulectra Unternemensberatung GmbH» ընկերությունը։
Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2018թ. վերջ։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, 2014 թվականի նոյեմբերի 13-ին Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է 40 մլն դոլարի վարկային ծրագիրը, որը նպատակաուղղված է` «Հաղթանակ», «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» ենթակայանների արդիականացմանը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 50 մլն դոլար, որից 10 մլն կտրամադրի Հայաստանի կառավարությունը: 40 մլն դոլարը տրամադրվել է ՀԲ կառույցի միջոցով` ի դեմս Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի: Վարկի մարման ժամկետը 25 տարի է, նախատեսվում է վճարումների գծով արտոնյալ ժամկետ` առաջին 10 տարին, ինչպես նաև` լողացող տոկոսադրույք: