Արմինֆո. ՀՀ խորհրդարանը սեպտեմբերի 14-ին առաջին ընթերցմամբ փոփոխություններ է կատարել «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Ապահովագրական շուկայի մասին» օրենքներում:
Ներկայացնելով նախատեսվող փոփոխությունների փաթեթը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշել է, որ փոփոխությունները նպատակաուղղված են ֆինանսական կազմակերպությունների գործունեության առնվազն 93% համապատասխանությանը միջազգային չափանիշներին:
Ըստ նրա, որպեսզի բանկերը արտաքին ցնցումների դեպքում կարողանան ռիսկերը ծածկել կապիտալի, այլ ոչ թե հաճախորդների միջոցների հաշվին, անհրաժեշտ է կապիտալի լրացուցիչ բուֆեր: Այլ կերպ ասած, կապիտալի նվազագույն չափի ներկա նորմայի հետ միասին անհրաժեշտ է սահմանել նաև լրացուցիչ կապիտալ նկատմամբ պահանջներ:
Բացի այդ, առաջարկվում է վերանայել մեկ վարկառուի գծով առավելագույն վարկի չափի նորմատիվը, որը ներկայումս առավելագույնը կազմում է կապիտալի 20%-ը: Նա դա բացատրել է այն փաստով, որ շատ երկրներում աճի միտում է նկատվում, մինչև 30%, հետևաբար, անհրաժեշտ է սահմանել նոր սահմանափակումներ, որպեսզի հետագայում չբախվեն ցնցումների հետևանքով առաջացող վնասներին:
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է համակարգային բանկ (համակարգաստեղծ - խմբ) հասկացության ներդրմանը, նրանց համար սահմանելով ավելի կոշտ վերահսկողություն, քանի որ ցնցումների դեպքում այդ բանկերի ազդեցությունը շուկայում կարող է չափվել լուրջ վնասներով: Վարկավորման բեռը սահմանափակելու համար Կենտրոնական բանկն առաջարկում է սահմանել պարտավորությունների և գրավի նկատմամբ եկամուտների հարաբերակցության նորմատիվ:
Ապահովագրական շուկայի առնչությամբ նախատեսվող փոփոխությունները վերաբերում են պատասխանատու ակտուարների և ներքին աուդիտի պաշտպանության մեխանիզմների ստեղծմանը, որոնց գործունեությունը, չնայած վճարվում է ապահովագրական ընկերությունների կողմից, պետք է լինի անկախ: Բացի այդ, Կենտրոնական բանկն առաջարկում է սահմանել կյանքի ապահովագրության գծով նորմատիվներ:
Նշենք, որ ներկայումս Հայաստանում գործում են 17 բանկեր և 6 ապահովագրական ընկերություններ, ինչպես նաև 33 վարկային կազմակերպություններ (այդ թվում`3 լիզինգային կազմակերպություն): 2017 թվականի հունվարի 1-ից բանկերի համար ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվել է 30 մլրդ դրամ: Հայաստանում կյանքի ապահովագրությամբ զբաղվող ընկերություններ դեռ չկան: