Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին` մեր երկրում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Նախարար Իգնատի Առաքելյանը շնորհակալություն է հայտնել Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության համար և բարձր գնահատել դեսպանի ներդրումը հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման գործում գյուղատնտեսության ոլորտում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ֆրանսիական կողմի աջակցությամբ իրականացվող ծրագրերին:
Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության նոր ծրագրերը` նախարար Իգնատի Առաքելյանն ընդգծել է, որ դրանց բարեհաջող իրականացման համար անհրաժեշտ է հմուտ և փորձառու մասնագետների խորհրդատվություն և այդ հարցում հայկական կողմն ակնկալում է ֆրանսիացի գործընկերների աջակցությունը: Երկուստեք կարևորվել է պետական աջակցության ծրագրերի իրականացմանը մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցությունը:
Քննարկվել են նաև նոյեմբեր ամսին Հայաստանում կայանալիք Գինու կոնֆերանսին առնչվող հարցեր, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու ֆրանսիացի փորձագետներ:
Նշելով, որ գյուղատնտեսության ոլորտում հայ-ֆրանսիական ակտիվ փոխգործակցության շնորհիվ հնարավոր է հասնել նոր հաջողությունների՝ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն վստահեցրել է, որ դիվանագիտական առաքելությամբ Հայաստան ժամանող իր գործընկերը կշարունակի զարգացնել ագրարային բնագավառում սերտ համագործակցությունը:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի և Ֆրանսիայի փոխադարձ առևտրաշրջանառությունը 2017 թ. հունվար-հուլիսին կազմել է $37,3 մլն՝ 30,2% տարեկան անկումով: Մասնավորապես, արտահանումն անկում է ապրել 1,1%-ով, մինչև $1,9 մլն՝ ներմուծման 32,5%, մինչև 35,3 մլն աճի դեպքում:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |