Արմինֆո. Հայաստանի ՏՏ ներուժն արդեն ներկայացված է աշխարհի 5 երկրում՝ 6 ներկայացուցչության միջոցով: Մասնավոր հատվածի $3 մլն չափով ներդրումների օգնությամբ առաջիկա 3-5 տարիներին հայ մասնագետների ՏՏ ձեռքբերումների ներկայացման համար համանման հարթակներ կբացվեն ևս 16 երկրում: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նախարարի խոսքով, ստեղծվող ներկայացուցչությունները կզբաղվեն տարբեր համաժողովների, հանդիպումների կազմակերպմամբ, որոնք, ինչպես ակնկալվում է, պետք է հանգեցնեն Հայաստանի ՏՏ ոլորտում ներդրումների աճի: Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը խթանելու և հանրապետության ՏՏ ոլորտ միջազգային ընկերություններ մուտքն ապահովելու նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պատվիրակությունը տարվա ընթացքում մասնակցել է մի շարք միջազգային համաժողովների:
ՏՏ ոլորտում սթարթափները Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում են, նշել է Մարտիրոսյանը: Նախարարության աջակցությամբ և մասնավոր հատվածի հետ համագործակցության հիման վրա տարվա ընթացքում սթարթափների ֆինանսական աջակցության համար ներկայացվել է «Բիզնես հրեշտակներ» պիլոտային ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ներկայացվել է 30 սթարթափ ընկերություն, որից 2-ը մրցութային ընտրության արդյունքում 10 մլն դրամ ֆինանսավորում է ստացել:
Հիշեցնենք, որ 2016 թ. նոյեմբերի 10-ին կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ 15 երկրում Հայաստանի դեսպանատներում կստեղծվեն հարթակներ՝ հանրապետության ՏՏ ներուժի ցուցադրման նպատակով: Կարապետյանի խոսքով, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները դիմել են նման խնդրանով: Նախաձեռնության իրականացումը, ինչպես հայտարարել է նա, լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չի պահանջի, քանի որ նրանք բոլոր ծախսերն իրենց վրա են վերցնում:
Ավելի վաղ, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, «Ձեռնարկությունների ինկուբատոր՚ հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը հայտնել էր, որ
Հայաստանում գործող ավելի քան 500 ՏՏ-ընկերությունների ընդհանուր շրջանառությունը գերազանցել է 600 մլն դոլարի սահմանագիծը: Ենգիբարյանի ասելով, այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, դա աննախադեպ ցուցանիշ է: Միայն վերջին 7 ամիսներին ոլորտն արձանագրել է 30-35 տոկոս աճ: