Արմինֆո. «Հյուսիս-Հարավ՚ ավտոմոբիլային փոխադրամիջանցքի հարավային մասը Հայաստանի վրա կնստի 1,5 մլրդ դոլար, իսկ ողջ նախագիծը` 2-2,5 մլրդ դոլար: Այդուհանդերձ, հանրապետությունը լի է նախագիծն ավարտելու վճռականությամբ: Նախօրեին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նախարարի ասելով, եթե ավելի վաղ ողջ նախագիծը` Հայաստանի հյուսիսային սահմանից մինչև հնարավայինը, գնահատվում էր 1 մլրդ դոլար, ապա այսօրվա դրությամբ դրա միայն հարավային տեղամասը` Արտաշատ և Մեղրի քաղաքների միջև, ըստ նախնական գնահատման, կարժենա 1,5 մլրդ դոլար: Հարավային մասի վերջնական նախագիծը դեռ պատրաստ չէ, սակայն մինչև հաջորդ տարվա կեսը նախագծային աշխատանքները կավարտվեն, որոնց արդյունքում նախահաշվի շտկումների կարիք կլինի: Հենց շինարարության վերջնական նախագծային մոտեցումների բացակայության պատճառով Հայաստանը միջազգային դոնոր-կազմակերպություններին չի դիմել Գյումրի-Բավրա և Արտաշատ-Մեղրի տեղամասերի շինարարությանը ֆինանսական աջակցության համար:
Միևնույն ժամանակ, ինչպես հայտարարել է Վահան Մարտիրոսյանը, պետությունը հարկատուին չափազանց չծանրաբեռնելու նպատակով որոշել է մայրուղու հարավային մասի շինարարության հարցում դիմել մասնավոր ներդրողներին: Ինչպես պարզաբանել է նախարարը, նրանց կհրապուրեն վճարովի ճանապարհների փորձի կիրառման հեռանկարով` այլընտրանքային անվճար ճանապարհների առկայության պայմանով: Ինչ վերաբերում է ընթացիկ աշխատանքներին, ապա, նախարարի ասելով, հոկտեմբերի առաջին տասնօրյակում շահագործման կհանձնվեն Երևան-Արտաշատ հատվածի 7 կամուրջներից 3-ը, մնացած 4-ում կշարունակվեն լրացուցիչ աշխատանքները, քանի որ նոր ծրագրի համաձայն, այնտեղ լրացուցիչ ասֆալտապատման աշխատանք է ընթանում:
Նախարարը հիշեցրել է, որ ժամանակացույցի գերազանցմամբ բացվել է երթևեկությունն այդ կամուրջների տակով, և աշխատանքներն ընթացել են առանց երթևեկության սահմանափակման: Աշտարակ-Թալին ճանապարհի 42 կմ երկարությամբ ձախակողմյան հատվածում արդեն 11 կմ բետոնե ծածկույթ է փռվել` ներրդումային ծրագրի 2-րդ տրանշի շրջանակում, ևս 15 կմ նախատեսվում է մինչև տարեվերջ` 3-րդ տրանշի շրջանակում: Շինարարական աշխատանքները շարունակվում են Թալին-Լանջիկ (18,7 կմ), Լանջիկ-Գյումրի (27,5կմ) հատվածներում: