Արմինֆո.
Երևանում հոկտեմբերի 2-ին մեկնարկել է հայ-կանադական ՏՀՏ համաժողովը, որին մասնակցում են հայկական և միջազգային ՏՀՏ ոլորտի 20-ից ավելի կազմակերպությունների 70 ներկայացուցիչներ։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը, ներկաներին ողջունել է Մոսկվայում Կանադայի դեսպանատան տնտեսական և առևտրային հարցերով նախարար-խորհրդական Անիկ Գուլեն։
Նա նշել է, որ այս համաժողովն անցկացնելու գաղափարը ծնվել է դեռևս մեկ տարի առաջ և համաժողովի անցկացմանը աջակցելու համար շնորհակալություն հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին։
Նրա խոսքով՝ երկու պետությունների կառավարությունները լուրջ ուշադրություն են դարձնում այս ոլորտին, այն տնտեսության հենասյուներից է և մեծ ապագա ունի։
Համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը։ Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանում Կանադայի դեսպանատանը համաժողովի կազմակերպման և անցկացման համար։ Նախարարի տեղակալը ներկայացրել է հայկական ՏՀՏ ոլորտի ձեռքբերումներն ու հնարավորությունները, հույս հայտնել, որ համաժողովը կնպաստի այս ոլորտում հայ-կանադական գործակցության առավել ակտիվացմանն ու խորացմանը։
«Հայաստանի և Կանադայի ՏՀՏ ընկերությունների փորձը հնարավոր է օգտագործել երկու երկրների համար։ Կարևոր է գտնել այն բանաձևը, թե որտե՞ղ և ինչպե՞ս կարող ենք համագործակցել։ Մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի աջակցենք ՏՀՏ նախաձեռնություններին՝ լինի դա պետական, թե մասնավոր մակարդակներումե,- ասել է Բորիս Դեմիրխանյանը։
Հայ-կանադական ՏՀՏ համաժողովը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։ Այն նպատակ ունի քննարկելու և ներկայացնելու Հայաստանի ՏՀՏ ոլորտի ձեռքբերումները, գտնելու միջազգային համագործակցության նոր հնարավորություններ։
Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը 35% աճ է գրանցել: Այդ մասին սեպտեմբերի 27-ին հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: «Ոլորտի ամենամյա աճը կազմում է միջինը 20-25%: Այս տարի մենք արդեն ունենք 35% աճ: Ակնկալում ենք, որ առաջիկա 5 տարում հայկական ՏՏ հատվածը կապահովի աճի ավելի բարձր տեմպեր»,- ասել է նախարարը՝ նշելով, որ Հայաստանը գերազանցել է միջազգային ասպարեզում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աճի տեմպերի ցուցանիշը:Վահան Մարտիրոսյանը 35 տոկոս աճը պայմանավորել է այդ ոլորտում գործող ընկերությունների ծրագրերի իրականացման, ներդրումային ծրագրերի, պայմանագրային հարաբերությունների ընդլայնմամբ: