Արմինֆո. Հայաստանի զարգացման հիմնադրամի և Ֆրանսիայի Փոքր ու միջին ձեռնարկությունների կոնֆեդերացիայի համագործակցությամբ Երևանում կազմակերպվել է «Հայաստան-Ֆրանսիա» գործարար համաժողովը, որին մասնակցել են շուրջ 30 գործարար երկու երկրներից։
Ինչպես հաղորդել է ՀԶՀ մամուլի ծառայությունը, համաժողովը կազմակերպվել է Ֆրանսիայի Փոքր և միջին ձեռնարկությունների կոնֆեդերացիայի միջազգային հարցերի պատասխանատու փոխնախագահ, Օվերնյ-Ռոն Ալպ շրջանի ՓՄՁԿ նախագահ Ֆրանսուա Տյուրկայի գլխավորությամբ գործարար պատվիրակության տարածաշրջանային այցի շրջանակում։
Փոքր և միջին ձեռնարկությունների կոնֆեդերացիան Ֆրանսիայում ազգային և տարածաշրջանային մակարդակներում գործող կառույց է, որն աջակցում է ՓՄՁ-ներին՝ գտնելու նոր շուկաներ, կատարելու ներդրումներ, ինչպես նաև խրախուսում է արտահանումը:
Հայաստանի զարգացման հիմնադրամի Միջազգային համագործակցության թիմի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը հանդես է եկել մեր երկրի ներդրումային միջավայրը և արտահանման ներուժը ներկայացնող շնորհանդեսով։ Հիմնադրամի և կոնֆեդերացիայի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր։
Համաժողովի շրջանակում կազմակերպվել են B2B հանդիպումներ, որոնց ընթացքում դեղագործական, ալկոհոլային խմիչքների, խորհրդատվական բիզնեսի, կառուցապատման, ճարտարապետա-շինարարական նախագծման, անշարժ գույքի, չրերի արտադրության, գյուղմթերքի վերամշակման ոլորտի ընկերությունները քննարկել են գործարար ծրագրեր և նոր կապեր են հաստատել։
Ֆրանսիայի Փոքր ու միջին ձեռնարկությունների կոնֆեդերացիան հեղինակավոր կազմակերպություն է, որը միավորում է շուրջ 250 խոշոր ձեռնարկություն, միջին բիզնեսի 5000 ընկերություն, Ֆրանսիայի ՓՄՁ 3138000 ձեռնարկություն: Կոնֆեդերացիան ներկայացնում է 200 ֆեդերացիաների և արհմիությունների, ինչպես նաև ավելի քան 600 000 ձեռնարկությունների շահերը:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Հայաստանի և Ֆրանսիայի փոխադարձ ապրանքաշրջանառությունը 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին կազմել է 37,3 մլն դոլար` 30,2% տարեկան աճով: Մասնավորապես, արտահանումը նվազել է 1,1%` մինչև 1,9 մլն դոլար, իսկ ներմուծումն աճել է 32,5%` մինչև 35,3 մլն դոլար: Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ծավալը 2017 թվականի հուլիսի 1-ի տվյալներով կազմել է 13.98 մլրդ դոլար, որից 7.636 մլրդ դոլար` ՕՈՒՆ: Առաջնությունը պատկանում է Ռուսաստանին` 5.083 մլրդ դոլար, որին հետևում են Գերմանիան` 1.505 մլրդ դոլար, Կիպրոսը` 1.056 մլրդ դոլար և Ֆրանսիան` 1.055 մլրդ դոլար:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ