Արմինֆո. 2017 թվականի բյուջեն կատարելու համար Հայաստանի կառավարությանը պետք է մինչև տարվա վերջ, առաջիկա 4 ամիսներին, հավաքի 424 մլրդ դրամի հարկեր, բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում ամսական կտրվածքով միջին հաշվով հավաքագրվել է մոտ 90 մլրդ դրամ: Այս մասին ՀՀ խորհրդարանի ամբիոնից հայտարարել է «Ծառուկյան» խմբավորման անդամ Միքայել Մելքումյանը:
Ըստ նրա, այսօր արդեն կարելի է ասել, որ կառավարությունը դժվար թե կարողանա կատարել 2017-ի բյուջեն: «Երկրի 2017 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը կատարելու նպատակով կառավարությունը, «օպտիմալացման» քողի ներքո, պետական հատվածում գնում է աշխատատեղերի լուրջ կրճատումների, ինչն էլ, իր հերթին, կարող է հանգեցնել աղքատության աճին և արտագաղթին», - ասել է պատգամավորը:
Նրա խոսքով, ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհը կամ իրական տնտեսական աճի ապահովումն է, կամ ստվերի կրճատումը, հակառակ դեպքում երկիրը կկանգնի լուրջ գնաճի առջև, որն արդեն սկսվել է:
Մինչդեռ, այս տարվա սեպտեմբերի 13-ին ՊԵԿ ղեկավարՎարդան Հարությունյանը ԱՄՀ պատվիրակոթւյան հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ առևտրի ծավալն աճել է 6,4%, ապահովելով հարկային եկամուտների 35% աճ, ինչը պետական եկամուտների կոմիտեի աշխատանքի արդյունքն է, որի նպատակը բիզնեսը ստվերից դուրս բերելն է: Մասնավորապես, Վարդան Հարությունյանը նշել էր, որ հարկային եկամուտների աճը պայմանավորված էր ստուգումների 48% նվազեցումով, ինչպես նաև առաջին կիսամյակում առաջացած 22 մլրդ դրամ գերավճարի վերադարձով: Հարությունյանը հավաստիացրել էր, որ ՊԵԿ-ը բյուջեին կապահովի 1.135 տրիլիոն դրամի հարկային եկամուտներ (այդքան, որքան ամրագրված է Բյուջե-2017-ով), նշելով նաև ՊԵԿ-ի կողմից ստվերի դեմ պայքարի ազդեցությունը երկրի ՀՆԱ աճի վրա:
Միևնույն ժամանակ, Կառավարության սեպտեմբերի 28-ի նիստում, անդրադառնալով ԶԼՄների հրապարակումներին, որի համաձայն կառավարությունը կարող է քննարկել սեկվեստորի հավանականությունը պետբյուջեի 2017-ի համար, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել էր. «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա: Մենք ունենք շատ հստակ գաղափարախոսություն, որն ամրագրված է 2017 թ. բյուջեում, և այդ ուղղությունը կշարունակվի նաև 2018 թվականի բյուջեում»: Գաղափարը, ինչպես պարզաբանել էր նախարարը, կայանում է նրանում, որպեսզի որոշակի զսպվածություն ցուցաբերվի ընթացիկ ծախսերի պլանավորման առումով, շեշտը դնելով կապիտալ ծախսերի վրա, որոնք խոստանում են մուլտիպլիկացիոն ազդեցության վերածվել երկրի տնտեսության վրա:
Նշենք, որ երկրի 2017-ի բյուջեով ՀՆԱ-ի անվանական աճը նախատեսվում է 5% կամ 5.405 տրլն դրամ: Ընդհանուր եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 210 մլրդ դրամ (եկամուտների և ՀՆԱ-ի հարաբերակցությունը`22.4%), որից հարկային մուտքերը կկազմեն 1 տրլն. 135 մլրդ դրամ: Ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 360 մլրդ դրամ (ծախսերի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը՝25.2%), իսկ դեֆիցիտը կկազմի 150 մլրդ դրամ (դեֆիցիտի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը՝ 2,8%):