Արմինֆո. Սոցիալական փաթեթները, որոնք տրամադրվում են պետական ծառայողներին, բարելավվել են, այժմ դրանցողվ կարելի է ստանալ ավելի շատ բժշկական ծառայություներ, ինչի դիմաց, սակայն, պետությունը կվճարի շատ ավելի քիչ: Այս մասին երկրի խորհրդարանում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ վերանայվել է նաև սոցփաթեթների շրջանակներում տրամադրվող բուժծառայությունների ձևը, այն դարձել է ավելի ճկուն, ինչը հարմար է շահառուներին: «Այժմ պետծառայողները բուժծառայությունները կարող են ստանալ այն բուժհաստատություններում, որոնք նրանց համար ավելի մատչելի են»,-նշել է նախարարը:
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հրամանով հաստատվել է այն բուժհաստատությունների ցանկը, որոնցում սոցփաթեթների շահառուները կարող են ծառայությունն ստանալ առանց նախնական գրանցման: Ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործման և դրանց հոսքի հսկողության ուժեղացման նպատակով բժշկական օգնության տրամադրումը կկիրականացվի առողջության ապահովագրության միջոցով: Միևնույն ժամանակ, լուծված է նաև մատուցվող բժշկական ծառայությունների որակի ապահովման հարցը: Մասնավորապես սահմանվել է տրամադրվող ապահովագրական փաթեթը, ապահովագրության պայմանագրերի տեսակները, բժշկական հաստատությունների հետ համագործակցության կարգը, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների միջև շահառուների բաշխման կարգը: Արդյունքում, բոլոր շահառուները կկարողանան ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն ցանկացած բժշկական հաստատությունում:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 27-ին ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը լրագրողներին հայտնել էր, որ պարտադիր առողջապահական ապահովագրության փորձնական ծրագիրը կմեկնարկի 2017 թ. սեպտեմբերին: Այդ ծրագրից կարող են օգտվել սոցիալական փաթեթների շահառուները, որոնց թիվը տվյալ փուլում կազմում է 80-ից մինչև 100 հազար մարդ: Կես տարվա ընթացքում առողջապահության նախարարությունը կհետևի ծրագրի արդյունքներին, որից հետո կներառվեն ևս 612 հազար սոցիալապես անապահով քաղաքացիներ: Եվ մոնիտորինգից և դրական արդյունքներից միայն մեկ տարի անց կներդրվի պարտադիր առողջապահական ապահովագրության մասին օրենքը: Հայաստանում գործում են սոցիալական փաթեթների ծրագրեր, որոնք տրամադրվում են պետական ծառայողներին, մասնավորապես, հանգստի կազմակերպման բաղադրիչով: Սոցիալական փաթեթներին պետական բյուջեով (բացառությամբ բժշկական սպասարկման բաղադրիչի) նախատեսված է 10 մլրդ դրամ: Քաղաքացիական ծառայողներին տրամադրվում է տարեկան 132 հազար դրամի սոցիալական փաթեթ, որով նախատեսում են մի շարք պարտադիր բաղադրիչներ` առողջապահական ծախսերի վճարում, հիփոթեքի տոկոսների մարում, բուհերում ուսման վարձի վճարում և հանգիստ Հայաստանում: