Արմինֆո. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը, հոկտեմբերի 5-ին ելույթ ունենալով Երևանում ռուս-հայկական միջտարածաշրջանային վեցերորդ համաժողովում, նշել է ԵԱՏՄ շրջանակում և ՌԴ հետ ապրանքաշրջանառության աճի միտումը:
Մասնավորապես, ինչպես նշել է վարչապետը, արձանագրվել է զբոսաշրջության աճ` ՌԴ քաղաքացիներին ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորության ընձեռման արդյունքում:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն, իր հերթին, նշել է, որ ԵԱՏՄ եզակի կառույցն իր մասնակիցներին իրենց ներուժը իրացնելու հնարավորություն է ընձեռում` անկախ երկրի բնակչության թվից ու ՀՆԱ-ից: Ինչպես նշել է Սարգսյանը, ԵԱՏՄ, առաջին հերթին, ընձեռում է տնտեսության այն ճյուղերի աճի հնարավորություն, որոնք կարող են աշխատել ողջ միության տարածքում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով, 2016 թվականի արդյունքներով ԵԱՏՄ պետությունների հետ Հայաստանի փոխադարձ առևտրի ծավալը կազմել է 392,1 մլն դոլար` նախորդ տարվա համեմատ ավելանալով ավելի քնա մեկուկես անգամ (53%): Հայաստանի գրեթե ողջ «միութենական՚ առևտուրը բաժին է ընկնում Ռուսաստանին (95%): Սակայն ԵԱՏՄ մյուս երկրների հետ թեկուզ ոչ մեծ ծավալի ապրանքաշրջանառությունը, որը պայմանավորված է ցածր «մեկնարկային բազայով՚, նույնպես նկատելիորեն աճել է. Ղազախստանի հետ` 43%-ով, Բելառուսի հետ` 2,1 անգամ, իսկ Ղրղըզստանի հետ` գրեթե կրկնակի: ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Տատյանա Վալովայայի ասելով, անցյալ տարի Հայաստանը ԵԱՏՄ-ում առաջին տեղն է զբաղեցրել ըստ արդյունաբերական արտադրության աճի տեմպերի, որոնք հասել են 6,7%: Գրեթե նույն ծավալով ավելացել է գյուղատնտեսական արտադրանքի ծավալը, ինչը երկրին թույլ էտվել ավելացնել պարենամթերքի մատակարարումները համամիութենական շուկա: Ընդ որում, առավելապես աճել է մրգերի, ոգելից և ոչ ոգելից խմիչքների արտահանումը:
Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի շրջանառությունը 2017թ. հունվար-օգոստոս ամիսներին ավելացել է տարեկան 23,5%-ով` մինչև 991.8 մլն դոլար: Դա պայմանավորված էր արտահանման 36,6%` մինչև 310 մլն դոլար, և ներմուծման 18,3%` մինչև 681.8 մլն աճով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այդ երեք ցուցանիշների գծով Ռուսաստանն առաջատար է: