Արմինֆո. Վանաձոր այցի շրջանակում վարչապետ Կարապետյանը ներկա է գտնվել իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից Լոռու մարզում կառուցվող գործարանների հիմնարկեքի արարողությանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ-ն ներկայացնում է կոմպոզիտային բալոնների արտադրությամբ զբաղվող «Ռադ Սանե Վաշամիր» միջազգային ինդուստրիալ ընկերությունը, որը գործունեություն է ծավալում Թուրքիայում, Թաիլանդում և Ռուսաստանի Դաշնությունում: «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ-ն Լոռու մարզում նախատեսում է ներդրումային ծրագիր իրականացնել։ Ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է մոտ 130 մլն ԱՄՆ դոլար, աշխատողների թիվը (ենթակառուցվածքների հետ միասին)՝ մինչև 2000 մարդ: Ներդրումները նախատեսվում են 3 ուղղությամբ՝ կոմպոզիտային բալոնների, կարբոնի մանրաթելի արտադրությամբ զբաղվող գործարանների հիմնում և ագրոհամալիրի կառուցում: Կոմպոզիտային բալոնների արտադրության գործարանի կառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել 2017 թ. հոկտեմբերին, ավարտել՝ 2018 թ. ապրիլին, ներդրումների ծավալը կազմում է 20 մլն ԱՄՆ դոլար, աշխատողների թիվը՝ 100 մարդ: Կարբոնի արտադրության գործարանի կառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել 2017 թ. հոկտեմբերին, ավարտել՝ 2018 թ. նոյեմբերին, ներդրումների ծավալը կազմում է 80 մլն ԱՄՆ դոլար, աշխատողների թիվը՝ 300 մարդ: Իսկ ագրոհամալիրի շրջանակում կառուցվող գործարաններն զբաղվելու են կաթնամթերքի արտադրությամբ (կաթի փոշի, պանիր, կարագ), անասնապահությամբ (մսի (հալալ) արտադրությամբ), մրգերի վերամշակմամբ (մրգերի փոշու արտադրություն), ինչպես նաև կլինի սպանդանոց: Աշխատանքները նախատեսվում է սկսել 2018 թ. մայիսին, ավարտել՝ 2019 թ. մայիսին, ներդրումների ծավալը կազմում է 30 մլն ԱՄՆ դոլար, աշխատողների թիվը՝ 300-400 մարդ:
Վարչապետը ողջունել է իրանական ընկերության կողմից մեր երկրում նման խոշորածավալ ներդրումային ծրագիր իրականացնելու նախաձեռնությունը՝ վստահեցնելով, որ կառավարությունը շահագրգռված է դրա հաջող իրականացմամբ և պատրաստ է ցանկացած հարցով աջակցել: