Արմինֆո. "Ռոսատոմ" պետական կորպորացիայի աջակցությամբ "Ոգու առագաստներ" միջազգային մարդասիրական առաքելության մասնակիցները և Արտանիշ գյուղի հանրակրթական դպրոցի աշակերտները հնարավորություն են ստացել այցելելու ՀԱԷԿ և ծանոթանալու կայանի գործունեությանը:
ՀԱԷԿ ուսումնամարզական կենտրոնի աշխատակից Վազգեն Բալայանը հյուրերին պատմել է ԱԷԿ ստեղծման, 1982 թվականի հրդեհի, 1989 թվականին կայանի կոնսերվացման և 1993 թվականին վերագործարկման, ԱԷԿ աշխատանքի սկզբունքի և շահագործման հետագա ծրագրերի մասին: «Հաճախ վտանգավորը շփոթում են վնասակարի հետ: Ճիշտ և գրագետ շահագործման դեպքում ատոմային էներգետիկան ոչ մի սպառնալիք չի կրում, հակառակը, այն տնտեսապես շահութաբեր է, էկոլոգիական է և անվտանգ՚, - նշել է Բալայանը: Այդ համատեքստում նա հիշեցրել է, որ կայանում տեղադրված է պաշտպանության 12 կայանք, որոնք ավտոմատ աշխատում են արտակարգ իրավիճակի կամ վթարի դեպքում: «ՀԱԷԿ-ում ներդրված են և կիրառվում են ամենաժամանակակից տեխնոլոգիական լուծումներ, որոնք թույլ են տալիս ապահովել անվտանգության անհրաժեշտ մակարդակ՚, - նշել է Բալայանը, հավելելով, որ չի հիշում այնպիսի դեպք, երբ կայանում արտակարգ պատահարի արդյունքում աշխատակիցներ տուժեն: Նրա հավաստմամբ, ճառագայթման ֆոնը ՀԱԷԿ-ում մի քանի անգամ ավելի ցածր է, քան, օրինակ, հենց նույն ջերմաէլեկտրակայաններում: «ՀԱԷԿ-ում բոլոր ճառագայթիչ թափոնները գտնվում են վերահսկողության ներքո և տեղայանցված են` արտահոսք թույլ չտալու նպատակով՚, - նշել է նա:
Բալայանը նաև պատմել է, որ գարնանը կայանը կանգնեցվել էր հերթական կանխարգելիչ վերանորոգման նպատակով, որի ընթացքում իրականացվել են մինչև 2026 թվականը երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը նպատակաուղղված միջոցառումներ: «Այսօր կայանում աշխատում է շուրջ 1700 աշխատակից: ՀԱԷԿ-ն ապահովում է Հայաստանում էլեկտրաէներգիայի շուրջ 40 տոկոսը՚, - եզրափակել է Բալայանը:
«Ոգու առագաստներ՚ մարդասիրական առաքելության մասնակիցներին մակետների վրա մանրամասն ներկայացվել է ՀԱԷԿ աշխատանքի սկզբունքը: Առաքելությանը մասնակցում են նաև տեսողության խնդիրներ ունեցողներ Երևանից, Թեվ Ավիվից, Իժևսկից, Տյումենից, Սանկտ Պետերբուրգից և ՌԴ այլ քաղաքներից: Միջոցառման կազմակերպիչներն ու գործընկերներն են «Ռոսատոմը՚, «Հայաստանի հաշմանդամային սպորտի ազգային ֆեդերացիան՚, Երևանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնը՚, «Բելայա Տրոստ՚ ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը: